«Վարան գրուպ»-ը սնանկ է ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մարտի 13-ի վճռով Երեւանում գրանցված «Վարան գրուպ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, նույն դատարանի մարտի 31-ի որոշմամբ «Վարան գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Դավիթ Ադամյանը: 2017թ. հոկտեմբերի 31-ին «Վարան գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Դ. Ադամյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ի` պարտապանին պատճառված վնասը հետ ստանալու պահանջի մասին հայցադիմումով:

Դատավոր Արմեն Օհանյանը հայցադիմումը ընդունել է վարույթ եւ գործի քննությունը նշանակել 2018թ. հունվարի 23-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում: Դավիթ Ադամյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ սնանկացած «Վարան գրուպ» ՍՊԸ-ն զբաղվել է Հայաստան անվադողերի, ավտոմեքենաների ակումլյատորների ներկրմամբ, Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ն այդ ընկերությանը գումար է պարտք: Պարտքի գումարի չափը Դ. Ադամյանը չհայտնեց: Նա ասաց, որ մինչ դատարան դիմելը պարտքի մասին գրավոր ծանուցել է «Հաղարծին» ՓԲԸ-ին, սակայն այդ ծանուցումն արդյունք չի տվել, Դիլիջանի ճանապարհաշինական ընկերությունը չի վճարել պարտքի գումարը:

Նշենք, որ 2017 թվականին Դիլիջանի ճանապարհաշինական ընկերության ֆինանսական վիճակը վատացել է: Նախկինում «Հաղարծին» ՓԲԸ-ն իրականացնում էր Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելից մինչեւ Ճամբարակի խաչմերուկ տանող ավտոճանապարհի ձմեռային եւ ընթացիկ սպասարկումը, իսկ անցյալ տարի «Հաղարծին»-ը սպասարկել է Դիլիջան քաղաքի կենտրոնում գտնվող խաչմերուկից, «Միմինո» արձանախմբից մինչեւ Ճամբարակ տանող հատվածը: Իսկ նշված խաչմերուկից մինչեւ Դիլիջան-Սեւան թունել ճանապարհի սպասարկումն իրականացրել է հարեւան` Գեղարքունիքի մարզի «Ծովագյուղ ՃՇՇ»-ն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս