ԹՂԹԻ ՎՐԱ ՄՆԱՑԱԾ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո իր աշխատանքային գործունեությունը սկսեց ենթականերին բազմաբնույթ հանձնարարականներով: Ինչպես 2016 թվականը, այնպես էլ 2017-ը նա սկսեց հանձնարարականներ տալով: Ընդ որում, անցած տարվա ընթացքում իր տված հանձնարարականներից ամենաառանցքայինները այդպես էլ իրականություն չդարձան:

Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորել էր կառավարության անդամներին` նախարարներին, լավ հանգստանալ. «2017 թվականը ծանր տարի է լինելու»: Բայց վարչապետի «ծանր տարին» սկսվեց հանձնարարականներով: Անգամ անակնկալ շրջեց նախարարություններով, այցելեց մարզեր, խորհրդակցություններ անցկացրեց եւ կրկին հանձնարարականներ տվեց: Բայց հետո պարզվեց, որ այս ամենը շոու էր: Նկատենք, որ վարչապետի մոտ արդեն սովորույթ է դարձել հանձնարարականներ տալը:
Իսկ մինչ այդ` արձանագրենք, որ վարչապետը 2017 թվականը սկսեց օպտիմալացմամբ (նրա հրամանով 2016-ին կազմակերպություններ եւս լուծարվեցին). մի քանի ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, ՓԲԸ-ներ լուծարվեցին, ինչի արդյունքում հարյուրավոր քաղաքացիներ գործազուրկ դարձան: Կառավարության ղեկավարը անցած տարի հանձնարարեց «Մաքուր Հայաստան» ծրագիր մեկնարկել. «Կարծում եմ` համակարծիք կլինեք, որ թե՛ մեր համաքաղաքացիների, թե՛ զբոսաշրջիկների եւ թե՛ ներդրողների համար մեր երկիրը գրավիչ եւ հարմարավետ դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել մեր քաղաքների, գյուղերի, այգիների, ճանապարհների եւ այլ վայրերի մաքրությունը»: Նշված ծրագրի մեկնարկը մեծ աղմուկ ու ոգեւորություն բարձրացրեց, բայց, միեւնույն է, մեր երկիրը մաքրության տեսանկյունից այդպես էլ գրավիչ չդարձավ: Ամենուրեք աղբ է. հավատարիմ ենք գովազդված` «Աղբի տեղը աղբամանն է» խորհրդանշական խոսքերին:
Կարեն Կարապետյանը անդրադարձել էր նաեւ Արթիկի դպրոցի անմխիթար վիճակին եւ հանձնարարականներ տվել դպրոցների շենքային պայմանների վերաբերյալ: Բայց արի ու տես, որ այս հանձնարարականը ոչ միայն չկատարվեց, այլեւ Արթիկի հ.7 դպրոցը միավորվեց հ.3-ին: Ինչին հաջորդեց մի շարք գյուղական դպրոցների միավորումը, որի արդյունքում մարդիկ ընկան կրճատման տակ:
Վարչապետի հանձնարարություններից մեկը ուղղված էր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին: Խոսքը ջրամբարների թերլցվածության խնդրի եւ դրանք սնուցող գետերի հուների աղտոտվածության մասին էր: Բայց այս գերատեսչության կողմից տեսանելի արդյունք այդպես էլ չարձանագրվեց: Հակառակը` տարվա ընթացքում` ոռոգման շրջանում, անսպասելի ցամաքեցին Ախուրյանի ջրամբարը, Արփա լիճը եւ այլն:
Նույն պաշտոնյային ուղղված մեկ այլ հանձնարարականով պետք է 2017 թվականի ոռոգման շրջանն առավել արդյունավետ կազմակերպվեր, բոլոր ջրօգտագործողների համար ջրօգտագործման հնարավորինս հավասար պայմաններ ապահովվեր: Բայց այս պաշտոնյան եւս թերացավ. չէ՞ որ նախորդ տարվա ընթացքում բազմաթիվ գյուղացիներ ոռոգման ջուր չունենալով` իրենց հողերը չմշակեցին եւ մեծ, հսկայական վնասներ կրեցին:
Մյուս հանձնարարությունը վերաբերում է քաղաքացիական ավիացիայի ոլորտին. բյուջետային ավիաընկերությունների ներգրավում, Երեւանի եւ Գյումրիի օդանավակայաններում ուղեւորների սպասարկման որակի բարելավում, բյուրոկրատական քաշքշուկների վերացում: Այս ոլորտում եւս դրական տեղաշարժ չկա:
Վարչապետի հաջորդ հանձնարարականներից մեկը վերաբերում էր բենզինի եւ դիզելային վառելիքի որակին: «Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաեւ գործնականում առկա որոշակի բացերով: Արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին եւ շուկային»,- հայտարարել էր վարչապետը, ապա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարել բենզինի, դիզելային վառելիքի եւ այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման եւ որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացնել: Այս հարցում եւս կարող ենք արձանագրել, որ ոչինչ արված չէ: Քանի որ վարորդները մշտապես դժգոհում են ոչ միայն բենզինի, այլեւ սեղմված գազի որակից:
Վարչապետը հասցրել է նաեւ հանձնարարական տալ միջպետական, հանրապետական նշանակության եւ միջհամայնքային ճանապարհների ոչ բարվոք վիճակի մասին: Իհարկե, այս դեպքում հանձնարարական ստացողը եւ չկատարողը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն է: Նա պետք ուսումնասիրեր բոլոր ճանապարհների փաստացի վիճակի մասին եւ ներկայացներ հստակ առաջարկություն դրանց վերականգնման առաջնահերթության եւ ժամկետների վերաբերյալ:
Սա նախարարի միակ ստացած եւ չկատարած հանձնարարականը չէ: Նրա` տարվա ընթացքում ստացած ամենակարեւոր հանձնարարականը «Զվարթնոց» օդանավակայանից ուղեւոր տեղափոխող տաքսիների վարորդներն են. «Պրոբլեմը բոլորդ լավ գիտեք` անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճ` Սեւանա լճի փոխարեն Մալաթիա-Սեբաստիայով հասցնող, տարբեր տարիֆներ կիրառող եւ այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջում ենք` վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, ուղեւորի հետ ինչպես պետք է իրեն պահի»: Փաստորեն չենք պահանջում եւ չենք էլ պահանջելու: Հետեւաբար արձանագրենք, որ Վ. Մարտիրոսյանը չի կատարել իր վերադասի հանձնարարականը:
Դեկտեմբերի 28-ի նիստին վարչապետը կառավարության անդամներին եւս զգուշացրեց, որ 2018 թվականին ավելի խիստ ռեժիմով են աշխատելու: Հուսանք` այնպես թերի չեն աշխատի, ինչպես նախորդ տարի եւ մատների արանքով չեն վերաբերի իրենց վերադասի հանձնարարականներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԻՆՉՈՒ Է ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

Առաջիկայում կընդլայնվի Հանրային խորհրդի կազմը. «Հանրային խորհրդի մասին» նոր օրենքով նախատեսված է, որ 36-ի փոխարեն խորհուրդը կունենա 45 անդամ: Միաժամանակ, նախատեսված է ավելացնել ոլորտային 12 հանձնաժողովների թիվը` դարձնելով 15: Կառավարությունը երեկվա նիստում հավանության արժանացրեց «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը, որը պայմանավորված է սահմանադրական վերջին փոփոխություններով:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչո՞վ է պայմանավորված խորհրդի անդամների եւ հանձնաժողովների թվի մեծացումը:
«Նոր կազմավորվող հանրային խորհուրդը դառնում է խորհրդակցական մարմին կառավարության համար, դրա համար հանձնաժողովների բովանդակությունը ինչ-որ չափով պետք է համապատասխանեցվի կառավարության կառուցվածքին»,- ասաց նա:
Այս նախագծի վերաբերյալ առաջարկներ էր ներկայացրել նաեւ «Անկախ վերլուծական կենտրոն» կազմակերպությունը` առաջարկելով այն շրջանառությունից հանել: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նրանց առաջարկի մեջ նշված է, թե խորհրդի նախկին տարիների «գործունեությունը ցույց տվեց, որ այն արհեստական ստեղծված կառույց է, որի ՕԳԳ-ն բացասական է»:
«Այդ հարցը ինձ չէ ուղղված, նախեւառաջ այդ գնահատականների հետ ես համաձայն չեմ, ով ոնց է աշխատում, ինչ է աշխատում, սահմանադրական մարմին է, սահմանադրական մարմինը պետք է օրենքով կարգավորվի, էս օրենքը մտցնում են, հիմա նոր Հանրային խորհուրդը այդ օրենքով ինչ կլինի, ոնց կլինի, դա արդեն ուրիշ հարց է»,- հակադարձեց Մանուկյանը: Այնուամենայնիվ, Հանրային խորհրդի գործունեությունը նա այսպես գնահատեց. «Ես կարծում եմ, որ շատ բան արված է, բայց բազմաթիվ ավելի շատ բաներ կարելի էր անել»:

ՌՈՒԲԵՆ ԲԱՆՈՒՉՅԱՆ

 

 

 

ՏԵՂՈՒՄՆԵՐԸ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾԵՆ
Հայաստանում անոմալ ձմեռը շարունակվում է, սակայն այս պահի դրությամբ գյուղատնտեսության համար վտանգներ չեն տեսնում: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը վստահեցրել է` եթե նման կերպ շարունակվի, կգնանք դեպի նորմալ գարուն: «Գիշերները ցածր ջերմաստիճան ենք ունենում, ցերեկները բարձր: Այսինքն` հավասարակշռությունը պահպանվում է»,-ասել է նա:
Փոխնախարարի խոսքով` այս պահի դրությամբ հանրապետությունում ցրտահարության վտանգ չկա, ցրտահարված ոչինչ չկա, այդ թվում եւ աշնանացան ցորենը: «Եթե եղանակը տհաճ անակնկալներ մատուցի, եւ ջերմաստիճանի կտրուկ անկում ունենանք, ցանկալի կլինի, որ ձյան տեսքով տեղումներ լինեն, որ աշնանացան ցորենը ծածկվի ձյան շերտով»,-նշել է նա: Անդրադառնալով երաշտի վտանգին` Ա. Հարությունյանը նշել է, որ տեղացած ձյան, թաց ձյան, անձրեւների շնորհիվ հողում կա կուտակված համապատասխան խոնավություն: «Երաշտի վտանգ չկա: Դեռ ունենք ժամանակ, եւ մի քանի օր ինտենսիվ տեղումները հարցի լուծում կարող են դառնալ: Նման նախադեպ եղել է, եւ երաշտի հետ կապված խնդիր չի առաջացել»,-ասել է փոխնախարարը:
Անոմալ ձմեռը դրական է անդրադարձել նաեւ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների վրա: «Նրանք դեռ 100 տոկոս մսուրայինի չեն անցել եւ շարունակում են արածել գյուղամերձ տարածքներում եւ արոտներում, իսկ դա նշանակում է, որ խոտի պակաս չի լինի»,-ընդգծել է Հարությունյանը:

 

 

3 ԱՆԳԱՄ ԿԿՐՃԱՏՎԻ
Երեկ Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի նիստում ներկայացվել է Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը: Այն մասնագիտական ուսումնասիրության է ենթարկվելու աշխատանքային խմբի անդամների կողմից եւ համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվելու է: Մասնավորապես նոր նախագծով առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների եւ գծերի քանակը: Ներկայիս երթուղային 115 գծերի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն` 939 տրանսպորտային միջոց: Նոր ցանցի տրամաբանությամբ տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով: Ներկայացված նախագծով բացառվելու են կրկնվող գծերը: Տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում:
Համաձայն նախագծի` նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների եւ մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար եւ բացառում է միկրոավտոբուսների շահագործումը:




Լրահոս