ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 29-ին լրագրողների հետ էր հանդիպել` ամփոփելու անցած 2017 թվականը: Նախարարի ասելիքում առանձնապես նորություն չկար: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին խոսելիս նա կրկնեց բազմիցս հնչեցրած մտքերը, թե Հայաստանի մոտեցումները համահունչ են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության եւ, ընդհանրապես, միջազգային հանրության մոտեցումներին, եւ որ Ադրբեջանն է մշտապես ետ կանգնում ձեռք բերված պայմանավորվածություններից` հրաժարվելով կատարել դրանք: Նալբանդյանը նշեց, թե ԼՂ խնդրում բանակցություններին այլընտրանք չկա, եւ որ Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների հետ շարունակելու է ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Նա խոսեց Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հերթական գործընթացի մասին ու նույնիսկ վստահեցրեց, թե Հայաստանն անում է հնարավորը՝ ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար:
Նալբանդյանը նաեւ մեղադրեց Թուրքիային հայ-թուրքական հաշտեցման գործընթացը նախապայմաններով վիժեցնելու մեջ` պնդելով, թե ՀՀ-ն արել է հնարավորը այդ ուղղությամբ: Կարճ ասած, մեղավոր են բոլորը, բացի Հայաստանի իշխանություններից: Ու քանի որ այդ իրավիճակն է, Հայաստանը շարունակելու է մնալ երկու կողմից շրջափակման մեջ: Այս իրավիճակում, բնականաբար, Հայաստանը պետք է փորձի հաղորդակցության այլընտրանքային ուղիներ գտնել` հատկապես դեպի ԵԱՏՄ հիմնական անդամ ՌԴ-ի հետ ցամաքային կապ ունենալու համար, քանի որ, ինչպես հայտնի է՝ ռուս-վրացական Վերին Լարսի անցակետը տարվա ընթացքում եղանակային պայմանների, նաեւ տարերային աղետների պատճառով փակվում է` դժվարություններ ստեղծելով նաեւ հայ բիզնեսմենների համար: Էդվարդ Նալբանդյանը երեկ վստահեցնում էր՝ թե՛ ռուսաստանցի եւ թե՛ վրացի գործընկերների հետ իրենք քննարկել են այլընտանքային ճանապարհի հարցը, մասնավորապես Աբխազիայով եւ Հարավային Օսիայով անցնող ճանապարհները հնարավորինս շուտ բացելու թեման, որ ՀՀ-ն էլ կարողանա օգտվել դրանից:
«Սա բավական նուրբ բանակցային գործընթաց է, եւ եթե այս պահին ինչ-որ լրացուցիչ հայտարարելու բան լիներ, առանց ձեր հարցի էլ կհայտարարվեր: Այս պահին այսքանը»,- թեման արագ փակեց նա: Նալբանդյանի այս պատասխանը պատահական չէ. որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն այս հարցը բարձրացնել ռուս եւ վրացի գործընկերների մոտ, փաստ է, որ քանի դեռ այդ երկու պետությունները չեն բարելավել հարաբերություններն ու չեն լուծել իրենց միջեւ առկա խնդիրները, հազիվ թե բացվեն հաղորդակցության այլընտրանքային ուղիները: Եւ Հայաստանը ստիպված է սպասել այդ բարենպաստ պահին: