Ամեն ինչում լրագրողներն են մեղավոր կամ ինչից է վախենում ապագա վարչապետը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլին ձեւավորվելիք կառավարության նիստերը լինելու են դռնփակ. այդպես է նախատեսված երեկ գործադիրի հավանությանն արժանացած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծում: Տեղեկացնենք, որ այժմ գործող կարգի համաձայն` կառավարության նիստերը դռնբաց են, եւ միայն օրենքով նախատեսված գաղտնիք պարունակող հարցերի քննարկման ժամանակ են դրանք անցկացվում փակ: Հիմա իշխանությունները մտադիր են անել հակառակը. միայն վարչապետի թույլտվությամբ կարող են կառավարության նիստերի մի մասը լինել դռնբաց:

Ավելին` այդ նախագծի համաձայն` կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին:

Ամենաուշագրավը այս որոշման հիմնավորումն էր, որ երեկ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը. «Դռնփակ անցկացնելը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության անդամների առաջարկներին… Իրական քննարկում տեղի չի ունենում, լինում է կա՛մ նիստից հետո, կա՛մ նիստից առաջ, ինչը նորմալ չէ»: Ավելին` Հարությունյանն ասել է, թե կառավարության նիստերին լրագրողների ներկայության պատճառով է նաեւ, որ ընթացքում տեղի չի ունենում իրական բանավեճ:

Համաձայնեք` հրաշալի հիմնավորում է. այս երկրում ամեն ինչի մեղավորը լրագրողներն են: Հիշում եք` ժամանակին Սերժ Սարգսյանը ՀՀ-ից շարունակական արտագաղթի մեղքը փորձել էր լրագրողների վրա բարդել` ասելով, թե լրատվամիջոցների տարածած «գաղջ մթնոլորտի» հետեւանքով է այդպես: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ լրագրողներին մեղադրել էր «վատը տեսնելու» մեջ, իսկ հարցին, թե երկիրը դատարկվում է, հակադարձել էր. «Այդպես որ խոսաք, կդատարկվի»: Մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաներ, պատգամավորներ եւս նույն մեղադրանքն էին ներկայացրել, անգամ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզիչն էր ասել, թե իրենց պարտությունների մեղավորը լրագրողներն են: Հիմա էլ Դավիթ Հարությունյանն է միացել այս մեղադրանքներին` կառավարության նիստերում քննարկումների եւ բանավեճերի բացակայությունը պատճառաբանելով լրագրողների ներկայությամբ:

Իսկ իրականում բոլորը գիտեն, որ թաքուն, գաղտնի, կիսագաղտնի գործելն այս իշխանությունների եւ անձամբ Սերժ Սարգսյանի ոճն է: Չնայած իշխանությունները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում են Հայաստանում ժողովրդավարության, խոսքի եւ մամուլի ազատության, պետական մարմինների հաշվետվողականության մասին հեքիաթներ պատմել:




Լրահոս