Քծնանքի շքահանդեսին սպասելիս. ԱԺ-ում այս մթնոլորտում են անցնելու նախագահի ընտրությունները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դժվար չէ կռահել ԱԺ-ում ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականների ելույթների բովանդակությունը. իշխանական խմբակցության պատգամավորներն առանձնահատուկ էնտուզիազմով սկսելու են հաճոյանալ ու քծնել Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանին: Ընդ որում, խոսելու են ոչ միայն նրանք, ովքեր մեկ-երկու անգամ կարճատեւ առիթ են ունեցել առնչվելու Արմեն Սարգսյանի հետ: Նախագահի թեկնածուի մասին իրենց «հեղինակավոր» կարծիքն են հայտնելու նաեւ նրանք, ովքեր մինչ այդ դեմքով անգամ չէին ճանաչում /ի դեպ, փորձը ցույց է տվել, այդ անձինք ավելի էնտուզիազմով են գովերգում/: Եւ նրանց համար կարեւոր չէ, թե որքանո՞վ են ճանաչում թեկնածուին: Կարեւորը այդ անձնավորությունն ունի շեֆի «դաբրոն»: Մնացածը տեխնիկայի հարց է՝ հայրենասիրական պաթոսով համեմված վերամբարձ նախադասությունների շարան, որոնք պետք է արտասանվեն խրոխտ ձայնով, հպարտ կեցվածքով, կուրծքը՝ դուրս ցցած: Այդպես վարվել են միշտ, այդպես կվարվեն նաեւ հետագայում:

Բայց ժամանակը նաեւ ցույց է տվել, որ հանրապետականները նույն ջանասիրությամբ վաղը կարող են հարձակվել ու հոշոտել նույն այդ անձնավորությանը, որին մինչ այդ հաճոյանում էին. բավական է՝ Սերժ Սարգսյանը հնչեցնի «ֆաս» հրամանը: Նորանկախ Հայաստանի 26-ամյա պատմության ընթացքում նման տեսարանների բազմիցս ենք ականատես եղել: Ժամանակին նրանք քծնում էին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց նույն ջանասիրությամբ քննադատում էին իշխանափոխությունից հետո: Հետո հիշում եք` ՀՀԿ-ականների պահվածքը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երբ պարզապես սողում էին նրա առաջ, միայն թե որեւէ պաշտոն ստանան /Քոչարյանից նաեւ առանձնահատուկ վախ ունեին/: Երբ իր պաշտոնավարման ավարտից հետո Քոչարյանը սկսեց քննադատել Սերժ Սարգսյանի իշխանությանը, նույն այդ ՀՀԿ-ականները, փրփուրը բերաններին, հարձակվեցին նրա վրա` մեղադրանքներ հնչեցնելով:

ՀՀԿ-ականները Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահության եւ վարչապետության ժամանակ ամեն կերպ քծնում էին նրան, փորձում սիրաշահել: Բայց բավական էր՝ Աբրահամյանը դուրս գա ՀՀԿ-ից, եւ նրա առաջ նախկինում սողացողները սկսեցին արդեն հարձակվել ու կծոտել: Այնպես որ, իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչները բացարձակ չեն հասկանում եւ չեն կարեւորում խոսքի արժեքը: Կարեւորը այսրոպեական շահն է: Ու դա է պատճառը, որ ամեն նորաթուխ գործիչ իր պարտքն է համարում այս կամ այն իրադարձության վերաբերյալ կարծիք հայտնելը: Հանուն արդարության նշենք, որ նույն այդ խնդիրը կա նաեւ քաղաքական դաշտի մյուս գրեթե բոլոր կուսակցություններում: Մինչդեռ երբեմն խելամտորեն լռելը չէր խանգարի:




Լրահոս