Ընդդիմությանը 12 հանրապետական է պետք. կմիանա՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը նախաձեռնել է փետրվարի 16-ին անցկացնել ԱԺ արտահերթ նիստ եւ այդ ընթացքում քննարկել «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու հարցը: Ըստ նրանց` օրենսդրական այս փոփոխությունը հնարավորություն կտա խուսափելու հետզհետե սպասվող գնաճից, քանի որ այն հետեւանք է հարկային դրույքաչափերի բարձրացման:

Արտահերթ նիստ անցկացնելու համար ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Եվ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ չէ այս հարցով արտահերթ նիստ անցկացնելուն, եւ միանալու են «Ելք»-ի նախաձեռնությանը: ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, թե իրենք կմիանան «Ելք»-ի ստորագրահավաքին: Ի պատասխան` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել էր. «Աչքներս լույս լինի, մի հատ էլ արտահերթ նիստ ենք անելու»:

Եվ չնայած Էդուարդ Շարմազանովի այս աչքալուսանքին, ՀՀԿ-ականները դեռ չեն որոշել՝ կապահովեն արտահերթ նիստ անցկացնելու համար անհրաժեշտ քվորումը, թե ոչ: Բանն այն է, որ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է ընդամենը 27 ստորագրություն, սակայն արդեն քվորման համար այդ թիվը բավական չէ: Քվորումի համար ԱԺ կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետք է գրանցվեն պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին. «Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին»,- նշված է օրենքում:

Այս խորհրդարանում պատգամավորների ընդհանուր թիվը 105 է, եւ կեսը կազմում է 52-ից ավելի խորհրդարանական: «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները միասին ունեն 40 պատգամավոր: Կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն էլ ունի 7 պատգամավոր: Ասել է, թե անգամ եթե նրանք էլ միանան ընդդիմադիր խմբակություններին, քվորումի հարցը չի լուծվի, ու «Ելք»-ը ՀՀԿ-ի հույսին է մնալու: Քվորում ապահովելու համար նրանց անհրաժեշտ է նվազագույնը 12 պատգամավորի ներկայություն, որպեսզի նիստն իրավազոր համարվի, եւ քննարկումները սկսվեն: Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները խուսափում էին ասել՝ իրենք կներկայանան արտահերթ նիստին, թե ոչ:

Օրինակ` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, թե կքննարկեն, կորոշեն: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւս հարցը քննարկելու ջատագովներից է՝ նշելով, թե ժամանակ դեռ շատ կա, մինչ այդ իրենց դիրքորոշումը կհայտնեն: «Ես՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, միշտ եմ մասնակցում նիստերին եւ պարտավոր եմ մասնակցել՝ անկախ նրանից՝ քաղաքական մեծամասնությունը կամ փոքրամասնությունը դրանք կբոյկոտե՞ն, թե՞ ոչ», – հավելեց Շարմազանովը:

Իսկ ահա ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն նշեց, թե թանկացումների հետ կապված իրենց տեսակետներն ունեն: «Դրան եթե կհամապատասխանի, լավ, մենք որեւէ բանին միանալու խնդիր չունենք, բայց դա պետք է քննարկվի, տեսնենք՝ ինչ են ասում», – նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Եվ չնայած ՀՀԿ-ականները նշում են, թե դեռ վերջնական որոշում չունեն, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ զուտ քվորում ապահովելու համար անհրաժեշտ թվով ՀՀԿ-ականներ ներկա լինեն դահլիճում, գրանցվեն, սակայն դուրս գան եւ հրաժարվեն մասնակցել հետագա քննարկումներին:

Նաիրա Հովհաննիսյանի




Լրահոս