ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կաշկանդվածություն հնարավոր է նախատեսել. Լևոն Ալթունյանի խոստովանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենսդրական նախագիծ, որտեղ նախատեսված է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նշել էր, թե նախարարները կաշկանդվում են դռնբաց նիստերի ժամանակ բանավիճել իրար հետ: Այս առումով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ` հասկանալու համար, թե որքանով են դռնբաց նիստերը կաշկանդում նրան:

 

-Պարո՛ն Ալթունյան, որպես կառավարության դռնփակ նիստերի անցկացման հիմնավորում նաեւ բերվում է այն, որ նախարարները կաշկանդվում են ազատ բանավիճել կառավարության նախագծերի շուրջ: Համակարծի՞ք եք:

-Դուք գիտեք` ոչ միշտ խցիկների առջեւ կարտահայտվես այնպես, ինչպես կարտահայտվես կոլեգայիդ, գործընկերոջդ հետ ուղղակի զրուցելուց, բանավիճելուց:

-Դուք կաշկանդվո՞ւմ եք:

-Ինչ-որ մի էլեմենտ կաշկանդվածության հնարավոր է նախատեսել:

-Եղե՞լ են նման դեպքեր, երբ ցանկացել եք բանավիճել, բայց կաշկանդվել եք:

-Այդպիսի դեպքեր չեն եղել, ես տեսական հնարավորություններն եմ Ձեզ ասում:

-Նշվում է, թե նախարարներից շատերն են անձամբ բարձրացրել նիստերը դռնփակ անցկացնելու հարցը: Դուք նման հարց բարձրացրե՞լ եք:

-Ինձ հետ այդպիսի կոնսուլտացիաներ չեն անցկացվել:

-Այսպես սահմանափակվում է լրագրողների աշխատանքը, ովքեր չեն կարողանալու անձամբ հետեւել նիստի աշխատանքներին:

-Կարծում եմ` ոչ: Մենք Ձեզ հետ բաց ենք, ազնիվ եւ սպառիչ պատասխաններ դուք կստանաք մեզանից:

Հ.Գ. Փաստորեն, նախարարներից միայն Լեւոն Ալթունյանն է խոստովանել, որ կաշկանդվում է լրագրողների ներկայությունից: Սա պատահական չէ, քանի որ նրա տարբեր արտահայտություններ ժամանակին դարձան մամուլի քննարկումների առարկա: Նույն կերպ մամուլի քննարկումների առարկա են դարձել նաեւ Սերժ Սարգսյանի հանպատրաստից խոսքերը: Ու ստացվում է, որ դռնփակ նիստերի անցկացմանը կողմ են այն մարդիկ, որոնք ճիշտ ձեւակերպումներով արտահայտվելու խնդիր ունեն:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս