Հայաստանի իշխանությունների համառ ինքնավստահությանը կարելի է նախանձել: Երբեմն նրանք այնպիսի համաձայնագրերի են միանում, որ Հայաստանում դրանց իրագործումն ամենավառ երազում անգամ հնարավոր չէ պատկերացնել:
Դեռ նախորդ տարի ԱԺ-ն կառավարության ներկայացմամբ վավերացրեց «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին», «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրերը: Համաձայնեք` իսկապես ֆանտաստիկայի ժանրից է: Բայց, դե, իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ երկրի ներսում լուծվել էին բոլոր խնդիրները (ասվածի ապացույցը կառավարության գրանցած աննախադեպ տնտեսական աճն է բոլոր ոլորտներով), Հայաստանն անշեղորեն բռնել էր Նյու Վասյուկիի վերածվելու ուղին: Ու դրանից հետո այլ բան չէր մնում, քան նվաճել տիեզերքը` սկսելով, իհարկե, Երկիր մոլորակին ամենամոտ արբանյակից՝ Լուսնից:
Միայն թե իշխանությունները դեպի տիեզերք ճանապարհին մոռացել էին մեկ այլ կարեւորագույն հարցի մասին՝ նավագնացությունը: Մոռացել էին, բայց հոգ չէ. արդեն շտկում են սխալը: Կառավարության առաջիկա նիստում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացնելու է նավագնացության մասին ԵԱՏՄ երկրների համաձայնագրին միանալու հարցը. այդ համաձայնագիրը կառավարությունում հաստատվելուց հետո պետք է ներկայացվի ԱԺ վավերացմանը:
Համաձայնեք` սա իսկապես հայրենանվեր գործ է. ի վերջո, մեր գեներում դեռ չի մարել ծովից ծով Հայաստանի պատմական հիշողությունը: Ուստի նավագնացության մասին ԵԱՏՄ երկրների համաձայնագրին միանալը հայրենանվեր գործ է, ծովից ծով Հայաստանի տեսլականը թարմացնելու եւս մեկ փորձ: Ափսոս միայն, որ Հայաստանն այլեւս չունի այդ ծովերը, չկան անգամ նավարկելի գետեր. միայն Սեւանա լիճն է մնացել, այն էլ լճի մակարդակը կամաց-կամաց սկսել է նվազել: Երեւի դրա համար է, որ ՀՀ իշխանությունները մի փոքր համեստ են գտնվել ու, օրինակ, փոխադարձ ճանաչման ենթակա փաստաթղթերի մեջ նշել Հայաստանի Հանրապետության դեպքում ՀՀ անձնագիրը, իսկ ահա ԵԱՏՄ անդամ երկրներից Բելառուսի կամ ՌԴ-ի դեպքում նաեւ նավաստիի անձը հաստատող փաստաթուղթը: