Կարծես միանշանակ որոշված է՝ ապրիլից Հայաստանի վարչապետի պաշտոնը (իսկ նոր Սահմանադրությամբ վարչապետը լինելու է պետության ղեկավարը) զբաղեցնելու է Սերժ Սարգսյանը: Բայց չնայած այդ հանգամանքին ՀՀԿ-ն դեռ շարունակում է սեթեւեթել եւ հանրության հետ հանելուկների լեզվով խոսել:
ՀՀԿ փոխնախագահներից Արմեն Աշոտյանն «Ազատություն» ռ/կ կիրակնօրյա թողարկման ժամանակ ասել է, որ պատրաստ է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հետո հավելել է, թե սա իր անձնական տեսակետն է, եւ այս հարցում կուսակցությունում որոշում չեն կայացրել: Վերջում ՀՀԿ փոխնախագահը նշել է, թե այս ամենը նման է դասական ստեղծագործության, երբ բոլորը գիտեն վերջաբանը, բայց նայում են ֆիլմը: Այլ կերպ ասած` բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը, բայց եւ համբերատար շարունակում են հետեւել ՀՀԿ-ի «ֆիլմին»` սպասելով հայտնի տեսարանին: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ երեկ իր հերթին է հայտարարել, որ ՀՀԿ-ում իրոք կա Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու ցանկություն, բայց դեռ քննարկումներ չեն արել, ու որոշում չի կայացվել:
Ավելի վաղ, հիշեցնենք, Էդուարդ Շարմազանովն էր մի քանի անգամ ակնարկել, որ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա, իսկ Գալուստ Սահակյանն էլ իրեն հատուկ ոճով ամիսներ առաջ խորհուրդ էր տվել. «Ազգը պետք է ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պետք է ղեկավարի երկիրը»:
Հանրապետականների այս պահվածքը, մեղմ ասած, զարմանալի է. ի վերջո, չկա խաղը այսքան երկարաձգելու եւ հանելուկներով խոսելու որեւէ իմաստ: Մանավանդ իշխանությունների մտադրությունը պարզ էր դեռ մի քանի տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը` առաջարկելով անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի: Իրականում նա բարեփոխումների անվան տակ լուծեց սեփական իշխանությունը երկարաձգելու հարցը` ստեղծելով դրա համար իրավական հիմքեր: Բացի այդ` արդեն իշխանության ներսում վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդը՝ Կարեն Կարապետյանն էլ համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ` բավարարվելով իր համար ստեղծված առաջին փոխվարչապետի պաշտոնով եւ իշխանության գլխին հայտնվելու որեւէ հայտ չի ներկայացնի:
Ու հիմա ՀՀԿ-ականների այս պահվածքը հիշեցնում է մկան հետ կատվի խաղ. հասարակությանն իրենց որոշումը պարտադրելուց առաջ իշխանությունները շարունակում են մի փոքր էլ ձգել իրավիճակը: