Նախօրեին Երևանի քաղաքապետարանում արտակարգ դրություն էր: Ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի տարածքից տարրաներով կոյուղաջրեր էին բերել քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հասկանա, թե ինչ բույր է տարածվել այնտեղ։
Նրանց հիմնավորմամբ` այդ քայլին գնացել են տարածքի բնակիչների խնդրանքով։ Նշենք, որ վարչական շրջանի բնակիչներն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում են խնդրի մասին: Փաստ է մեկ բան` խնդիրը շարունակում է չլուծված մնալ. մարդկանց բողոքի ձայնը տեղ չի հասնում:
Իսկ ինչո՞ւ է այդ տարածքը տարիներ շարունակ գտնվում նման իրավիճակում. քանի որ քաղաքապետարանը պաշտոնապես դեռևս որևէ մեկնաբանություն կամ խնդիրը լուծելու խոստում չի տվել, ArmLur.am-ը փորձեց հարցերի պատասխանները ստանալ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանից:
-Պարո′ն Գրիգորյան, ինչո՞ւ է Ձեր ղեկավարած վարչական շրջանում նման անմխիթար վիճակ տիրում: Իրավիճակն այն աստիճան է սրվել, որ մարդիկ դուրս են եկել փողոց, իսկ ավագանու նիստի ժամանակ անգամ սուր միջադեպ տեղի ունեցավ…
-Ուղղակի հերթական խնդիրներից մեկն է։ Տարածքը Էրեբունի վարչական շրջանին չի պատկանում։ Ես բազմիցս դիմել եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը…
-Իսկ ինչո՞ւ խնդիրը մինչև հիմա լուծում չի ստացել։ Ո՞վ է պատասխանատուն:
-Մոտ ժամանակներս շինարարական աշխատանքներ կսկսենք։ Պայմանավորվածություն ունենք «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ։ Ես բնակիչների հետ բազմիցս այս հարցը բարձրացրել եմ։ Մենք ահազանգել ենք, որ Քրեակատարողականից խնդիրը վերացնեն։
-Բայց չէ՞ որ արդյունքում տուժել են Ձեր բնակիչները. ինչո՞ւ համայնքային ղեկավարությունը չի զբաղվել այս խնդրով վերջին հայտնի դեպքերից առաջ։ Դուք միայն այսօր ներկայացաք դեպքի վայր…
-Դա քաղաքապետարանի խնդիրը չէ։ Հիմնարկի ղեկավարությունը պետք է լուծեր այս հարցը։ Մենք հիմա միջամտում ենք, որ խնդիրը լուծվի։ Նորից եմ կրկնում, ես բնակիչների հետ բազմիցս բարձրացրել եմ այդ հարցը։ Դիմել ենք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Իսկ հիմա միայն օգնում ենք։
ArmLur.am-ը զրուցել է նաև Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի հետ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածքում տիրող գարշահոտությունից տուժում են նաև Նուբարաշենի բնակիչները: Նուբարաշենի վարչական շրջանը գտնվում է այդ տարածքից 3-4 կմ հեռու։
-Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը։
-Ես կոնկրետ չգիտեմ այնտեղ ինչ խնդիր է, որովհետև մեր իրավասության տակ չի գտնվում։
-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք քաղաքապետարանում տեղի ունեցածը. Ձեր գործընկերն անցան ձեռքի ուժի գործադրմանը…
-Դե, իհարկե, կատարվածը լավ բան չէ։ Ավագանու ինստիտուտին հարիր չէ։
Հ.Գ. Ի դեպ, երեկ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից հայտնել են, որ սկսվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները. ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ համատեղ քայլեր է ձեռնարկում՝ վթարված կոյուղագիծը կառուցելու եւ շահագործելու համար:
Փաստորեն, մինչև բանը չհասավ աղմուկին, ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած սկանդալին, պատասխանատու կառույցները մատը մատին չէին տալիս` խնդիրը լուծելու համար: Անգամ մարդկանց բողոքի ակցիաները հաշվի չէին առնվում. հիմա հանկարծ սկսեցին աշխատել:
Դե, Էրեբունու ղեկավարն էլ, իր հերթին, «բարի կամք դրսևորելով», ինչպես ինքն է ասում` իր գործառույթներից դուրս, որոշել է համագործակցել, մարդկանց վերքին դարման անել….
Զրուցեց Հասմիկ Սարգսյանը