«Չեմ կարող հիշել հյուրի, որն ինձ զայրացրած լինի․ «Մամայի եփածն ուրիշ է»-ն քննադատում են, Գլումովը պատասխանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շանթ» հեռուստաընկերության 2017թ. աշնանային եթերաշրջանում հաղորդավար Եգոր Գլումովը հանդես եկավ «Մամայի եփածն ուրիշ է» հաղորդաշարով, որի ֆորմատը բավական ճանաչված է եվրոպական մի շարք երկրներում։ Խոհանոցային հաղորդումը, որը ողողված է նաեւ հումորով, միջազգային ֆորմատի խաղ է եւ նպատակ ունի հեռուստադիտողներին ծանոթացնել համեղ բաղադրատոմսերի, մասնակիցներին բացահայտել հետաքրքիր կողմերից։ Նախագծին կարող է մասնակցել յուրաքանչյուրը։ Հարկավոր է հայտագրվել, եւ եթե ստեղծագործական թիմի պահանջները բավարարվեն, ապա հնարավոր է դառնալ տվյալ թողարկման հյուրը։ Վերջին շրջանում, սակայն, մեր խմբագրությունը ստանում է նամակներ, որտեղ նշվում է, որ թեեւ Եգոր Գլումովը հաղորդումը հետաքրքիր եւ բարձր մակարդակով է վարում, այնուամենայնիվ, մասնակիցների ամոթալի պահելաձեւը, խոսակցություններն ու ընդհանուր զարգացվածության ցածր մակարդակը պարզապես աչք է զարնում։

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց հենց Եգոր Գլումովի հետ. «Ես էլ եմ տարբեր մարդկանցից տարբեր նամակներ ստանում։ Մեկին ծրագիրը դուր է գալիս, մյուսին՝ ոչ։ Հյուրերը տարբեր են, հնարավոր չէ, որ նրանք բոլորին դուր գան։ Իհարկե, շատ կուզեի, որ ծրագրին հյուր գային, ասենք, ակադեմիկոսներ, բայց հասկացեք, որ դա շոու է, եւ դրան իրավունք ունի մասնակցել յուրաքանչյուր անձ։ Հիմա թե ով ինչ ինտելեկտ ունի, արդեն ամեն մարդու գործն է։ Ամեն դեպքում, չեմ կարող հիշել որեւէ հյուրի, որի պատճառով տրամադրությունս գցած լինեմ կամ որն ինձ զայրացրած լինի։ Ամեն թողարկումից հետո աշխատում եմ հեռուստադիտողին ինչ-որ բանով հետաքրքրել, իսկ հյուրի մեջ էլ մի հետաքրքիր բան գտնել»,-մեկնաբանեց հաղորդավարը։

Հարցին, թե հաղորդման մասնակիցներն արդյոք անցնում են նախնական հարցազրույցի փուլ, Եգոր Գլումովը պատասխանեց. «Պրոդյուսերական խումբը նախապես հանդիպում է մասնակիցների հետ, նրանք որոշակի փորձություններ են անցնում, ստուգում են՝ նրանք կարո՞ղ են, արդյոք, մտնել եթեր, թե՞ ոչ, իսկ թողարկման ընթացքում զրույցները ծավալվում են սպոնտան ձեւով։ Ինձ համար, օրինակ, հետաքրքիր է, թե ինչպես եմ 25-30 րոպեում բացահայտում հյուրիս»։

Մենք հարցրինք՝ հաղորդավարն ինքը հետաքրքրվա՞ծ է խոհանոցով, պատրաստո՞ւմ է ճաշատեսակներ. «Այո՛, խոհանոցով հետաքրքրված եմ, չէի ասի, թե հաճախ եմ լինում այնտեղ, բայց երբ ժամանակ եմ ունենում, սիրում եմ պատրաստել, թեեւ ոչ միշտ է, որ արդյունքը գոհացնում է կնոջս։ Ասեմ, որ ես մսակեր եմ, եւ եթե ուտեստի մեջ միս կա, այն արդեն ինձ դուր է գալիս, իսկ ամենալավը պատրաստում եմ ուզբեկական փլավ»,-եզրափակեց հաղորդավարը։

Աննա Բաբաջանյան




Լրահոս