ԱՄՆ ԼՂ խնդրում լարվածության սրացման սլաքները ուղղում է դեպի Ռուսաստան. գերտերությունների պատերազմ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտության կագավորման գործընթացի վերաբերյալ ԱՄՆ-ի ազգային հետախուզության «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թվականի զեկույցում հնչեցված գնահատականներն ուշագրավ էին: «Ազատություն» ռ/կ փոխանցմամբ` ԱՄՆ ազգային հետախուզությունը հնարավոր է համարում, որ Ղարաբաղի շուրջ լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է վերաճել լայնածավալ ռազմական հակամարտության: Ավելին` ըստ նրանց` Ռուսաստանը հնարավոր է` աջակցի տարածաշրջանային դաշնակցին:

«Երկու կողմերի փոխզիջումների չգնալը, ներքին ճնշումների ուժգնացումը, Ադրբեջանի ռազմական ուժի կայուն արդիականացումը եւ Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինությունների ձեռքբերումը 2018-ին լայնածավալ ռազմական գործողությունների ռիսկեր են ստեղծում»,- նշված է զեկույցում: Տեղեկացնենք, որ այս գնահատականները հնչել են Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ, որին ներկա են եղել ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների՝ կենտրոնական հետախուզական վարչության, հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ ազգային անվտանգության գործակալության ղեկավարները:

Ղարաբաղյան հակամարտության առկայությունն իսկապես մտահոգում է միջազգային հանրությանը: Եւ այս տարիների ընթացքում շատ է խոսվել ԼՂ խնդրում այժմ հաստատված, առանց այն էլ խարխուլ ստատուս քվոն փոխելու անհրաժեշտության մասին: Սակայն հետաքրքիր է փաստը, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները ԼՂ խնդրի կարգավորված չլինելու մեղադրանքների սլաքներն անուղղակի ուղղում են դեպի ՌԴ-ն` ցույց տալով, թե ՀՀ-ին եւ Ադրբեջանին սպառազինություններ վաճառող երկրին ձեռնտու է ստեղծված վիճակը: Այլ կերպ ասած` ի սկզբանե ամերիկացիները պնդում են, որ եթե վերսկսվի պատերազմը, ապա ՌԴ պատճառով:

Հաշվի առնելով ռուս-ամերիկյան հարաբերություններում վերջին շրջանի խժդժությունները` նման հռետորաբանությունը սպասելի էր: Առավել եւս, երբ կան նման պնդումների համար որոշակի հիմքեր. սպառազինությունների վաճառքը չի կարող նպաստել խաղաղության պահպանմանը: Պարզապես գերտերությունների պայքարի մեջ միշտ տուժում են թույլերը:

Բայց մյուս կողմից նկատենք` նույն ՌԴ-ն ինչ-որ տեղ իր ձեռքն է վերցրել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի նախաձեռնությունն ու ջանքեր է գործադրում կողմերին համաձայնության բերելու հարցում, եւ ռուս դիվանագետներն իրենց հրապարակային հայտարարություններում միշտ կոչ են արել ձեռնպահ մնալ լարվածության խորացումից եւ բռնել խնդրի խաղաղ կարգավորման բանակցային ուղին: Մնում է՝ իսկապես քաղաքական կամք ցուցաբերել՝ դժվարագույն հարցը լուծելու համար:




Լրահոս