Արմեն Սարգսյանը դեժավյուի մեջ է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը երեկ հայտարարել է, թե երկրում առկա խնդիրների ցանկը բավական մեծ է: «Այսօր հսկայական խնդիրներ կան` տնտեսության զարգացման, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ձեւավորման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարության հաստատման, աղքատության վերացման հետ կապված»,- ասել է նա: Սարգսյանը նաեւ նշել է, թե «մեր ազգը եւ ժողովուրդը շատ է մասնատված ու բաժանված», ապա հավելել. «Մեր երկրում բոլոր կազմակերպությունները, կառույցները, կուսակցությունները ԱԺ-ում, ԱԺ-ից դուրս պետք է սկսեն երկխոսությունը, հակառակ դեպքում մեր հասարակությունը կմնա, կդառնա ավելի մասնատված»:
Նկատենք, սակայն, Արմեն Սարգսյանի պահվածքը մի տեսակ դեժավյու է առաջացնում:

Երբ Մոսկվայից հրավիրված Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, խորհրդարանում առաջին իսկ հարցուպատասխանի ժամանակ անկեղծացել էր, թե տնտեսության վիճակը ծանր է, չափազանց ծանր, հետո նա խոսել էր պրիմիտիվ գողություններին վերջ տալու մասին եւ այսպես շարունակ: Միամիտները համոզված էին` իշխանության մեջ նոր մարդու հայտնվելով որակական փոփոխություններ տեղի կունենան: Բայց ոչ, այդպես չեղավ: Ընդհակառակը, Կարեն Կարապետյանն անդամակցեց այն կուսակցությանը, որն իշխանավարման այս տարիների ընթացքում տնտեսությունը «ծանր, չափազանց ծանր» վիճակի էր հասցրել: Դեռ ավելին` Կարապետյանն ԱԺ ընտրություններում իր ուսերին վերցրեց ՀՀԿ-ի դեմքը փրկելու, իսկ իրականում` թաքցնելու առաքելությունը, իր հերթին մասնակից դառնալով ապօրինություններին:

Հիմա նման իրավիճակի առաջ կանգնած է նաեւ Արմեն Սարգսյանը: Ճիշտ է` նոր Սահմանադրությամբ երկրի նախագահը պետք է լինի անկուսակցական, այսինքն` Սարգսյանը չի անդամակցի ՀՀԿ-ին: Բայց լինելով նախագահ` նա մաս է կազմելու ոչ լեգիտիմ իշխանության` դրանից բխող հետեւանքներով հանդերձ:

Մասնատված ու բաժանված ժողովրդին միավորելու նրա ցանկությունները եւս նոր չեն. 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո էլ Սերժ Սարգսյանն էր խոսում անհասկացվածության պատը քանդելու մասին, հետո մի քանի անգամ փորձում էր ազգային համաձայնության կառավարություն ձեւավորել: Բայց արի ու տես, որ պաշտոնավարման տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին ոչ միայն չհաջողվեց քանդել անհասկացվածության պատը, այլ ընդհակառակը, գնալով ավելի ու ավելի խորացավ իշխանության եւ հասարակության մեջ անջրպեդը:
Այնպես որ, հազիվ թե Արմեն Սարգսյանին հաջողվի իրականացնել ակնկալիքները, հատկապես, որ նա ի պաշտոնե ունենալու է սիմվոլիկ լիազորություններ:




Լրահոս