Խորհրդրանական մեծամասնությունը երեկ մերժեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու, ըստ այդմ՝ ակցիզային հարկի դրույքաչափը նվազեցնելու մասին ընդդիմադիր խմբակցությունների նախագիծը: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստանում արձանագրված կտրուկ գնաճը պայմանավորված էր հենց հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելու հանգամանքով, երբ ակցիզային հարկի բարձրացմանը զուգահեռ` տնտեսվարողները ստիպված են եղել բարձրացնել ապրանքների գները:
Նախագծի քննարկումների ժամանակ իշխող ՀՀԿ-ականների բերած փաստարկներից ակնհայտ դարձավ մեկ բան. 2018թ. ողջ ֆինանսատնտեսական հաշվարկների հիմքում եղել է հենց հարկային օրենսգրքի հետեւանքով ստացվող լրացուցիչ եկամուտը, այլապես իրենք կձախողվեն այս տարի, չեն կարողանա ապահովել բյուջեի կատարողականը, դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Ավելի պարզ՝ իշխանություններն ակցիազային հարկը բարձրացրել են, որպեսզի հնարավորություն ունենան բյուջեում լրացուցիչ գումարներ հավաքագրել:
Իսկ լրացուցիչ գումարները պետք են, որովհետեւ կառավարությունը երկրաչափական պրոգրեսիայով ավելացրել եւ ավելացնում է ՀՀ պետական պարտքը, ու հիմա բյուջեից պատկառելի գումար պետք է ուղղվի պարտքի սպասարկման համար, չհաշված մյուս ծրագրերը: ՀՀԿ-ականները երեկ պնդում էին՝ հարկային օրենսգիրքը փոփոխելու դեպքում այս տարվա բյուջեն կպակասի ավելի քան 32 միլիանդ դրամով, ինչը իրենք չեն կարող թույլ տալ: Համաձայնեք` բավական տխուր պատկեր է:
Ստացվում է` որքան էլ իշխանությունները խոսում են տնտեսական աճի, առաջընթացի մասին, միեւնույն է` ստիպված են բյուջե ապահովել ոչ թե արդյունաբերության ընդլայնման, ոչ թե արտահանման ծավալների մեծացման հետեւանքով, այլ հարկերը բարձրացնելու միջոցով, ՀՀ քաղաքացիներիս գրպանի հաշվին: Այսինքն՝ այս կառավարությունը եւս չի փոխել աշխատանքի իր մեթոդաբանությունն ու գործում է նախկինների նման:
Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նաեւ վստահեցնում էր, թե նկատելի գնաճը սկսել է դեռ սեպտեմբերից, երբ հարկային օրենսգիրքն ուժի մեջ չէր մտել: Ու ստացվում է հետեւյալը՝ քանի որ մի շարք ապրանքատեսակներ թանկացել են ավելի վաղ, պատճառը հարկային օրենսգիրքը չի եղել, ուրեմն այն փոխելու իմաստ չկա: Ավելի ծիծաղելի, ավելի անեթեթ մեկնաբանություն, իհարկե, դժվար է պատկերացնել: Բայց հիմա իշխանությունները պատրաստ են ամեն քայլի, միայն թե չբացահայտվի իրենց անկարողությունը: Դրա համար էլ հրապարակ են նետում զանազան արդարացումներ: