Հարց քաղաքացիներից` զինվորական ծառայողներն ազատվո՞ւմ են գույքահարկի պարտավորություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե գույքահարկի վճարման ժամկետը ե՞րբ է սահմանված: Եվ հետաքրքիր իմանալ` արդյո՞ք զինվորական ծառայողներն ազատվում են գույքահարկի պարտավորություններից:

Գոհար Կարապետյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի դրույթների համաձայն`

1. Կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ ֆիզիկական անձանց տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունների, որոնք ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

Հայտնում ենք նաեւ, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի դրույթների համաձայն` ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք: Պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայություն անցած, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հաշվետու տարվա ընթացքում արտոնություն ունեցող գույքահարկ վճարողը գույքահարկը վճարելուց ազատվում է այն ամսվա 1-ից, երբ առաջացել է արտոնության իրավունքը:




Լրահոս