ՏՆՏԵՍԱԳԵՏ, ԻՐԱՎԱԲԱՆ, ՈՍՏԻԿԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍՄԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակելով «Ժողովուրդ»-ի նախորդ համարում հրապարակված թեման` ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործություններով վարչության պետ Սուրիկ Պարասմյանի ունեցվածքի մասին՝ հրապարակում ենք նրա որդու հետ ունեցած մեր հարց ու պատասխանը:Հիշեցնենք, որ դատախազ Սուրիկ Պարսամյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե իրեն պատկանող «Բոռա» համալիրը վաղուցվանից է սկսել կառուցվել` դեռեւս 96-ից, ապա նշել էր, թե դա իր տղայինն է, ինքը կապ չունի: Նշենք, որ դատախազի որդին` Արմեն Պարսամյանը 1981 թվականին է ծնվել, ինչը նշանակում է, որ 15-16 տարեկան հասակում սեփական ռեստորանային համալիր է կառուցել:-Պարո՛ն ավագ լեյտենանտ, Ձեր հայրիկը մեզ խորհուրդ տվեց դիմել Ձեզ «Բոռա» հյուրանոցային համալիրի կապակցությամբ, որը, նրա պնդմամբ, Ձեզ է պատկանում: Ե՞րբ եք այն կառուցել:-Երկար ժամանակա, որ սարքվում ա: Ես անձամբ աշխատում եմ:-Կպատմե՞ք Ձեր մասին, ի՞նչ կրթություն ունեք, ի՞նչ ճանապարհ եք անցել:-Գյուղակադեմիան եմ ավարտել, տնտեսագետ, հետո Լենինգրադի` Հայաստանի մասնաճյուղի իրավաբանականը:-Ե՞րբ:-2001-ին երկուսը համատեղ ավարտել եմ:-Ավարտելուց անմիջապես հետո ի՞նչ եք աշխատել:-Չեմ աշխատել: Կամաց մտել եմ բիզնեսի մեջ` առուծախ, հետո որոշել եմ, էդ ջերմոցն եմ ունեցել, հետո կամաց-կամաց իմ ձեւով սկսեցի էդ հյուրանոցը սարքել:-Ի՞նչ առուծախ եք արել:-Մանր, կոնկրետ բան չի եղել:-«Բոռա»-ն կոնկրետ ի՞նչ միջոցներով եք կառուցում:-Իմ սեփական միջոցներով: Ջերմոցներ ունեի, վաճառել եմ:-Ինչո՞ւ «Բոռա»:-Ճի՞շտն եք ուզում իմանաք: Երբ սարքում էինք, մեր փողը որ վերջացել էր, պետք էր կարճ անունով մի բան ընտրել: Դիզայները ասաց Բոռա, որը կղզի է եղել, որտեղ սիրուն ռեստորաններ կան, դրեցինք Բոռա: Համ էլ հեշտ հիշվող անուն էր:-Հայտնի է, որ ոստիկանության համակարգում այդքան էլ բարձր չէ աշխատավարձը:-Ես 2 տարի է, որ աշխատում է ոստիկանության համակարգում, իսկ այդ օբյեկտը երկար տարիների պատմություն ունի:-Բայց միայն «Բոռա»-ն չէ, որ Ձեզ է պատկանում: Էլի օբյեկտներ ունեն Պարսամյանները: Կթվարկե՞ք դրանք:-Օբյեկտներ ասելո՞վ…-Բիզնեսի այլ ճյուղեր:-Դե որ լիներ, կիմանայիք: Էդ ա, որը ինձ չի խանգարում, կա տնօրեն, աշխատում է: Ես էլ իմ գործերով եմ զբաղվում: Դե հիմա ամեն մարդու չես կարա բացատրես, որ 2 տարի է, որ համակարգ եմ մտել: Տարիքս առա, նոր հասկացա, որ համակարգում եմ ուզում աշխատել:-Իսկ հատկապես ի՞նչը Ձեզ ձգեց դեպի ոստիկանություն:-ճիշտն ասած չեմ կարա կոնկրետ ասեմ, թե ինչի եմ մտել: Ուղղակի ուժային կառույցներում եմ ուզեցել աշխատել:-Հայտնի է, որ 2 տարի առաջ` մարտի 1-ից հետո, հատկապես ոստիկանության վարկանիշը կտրուկ ընկավ, ինչո՞ւ հենց այդ ժամանակ որոշեցիք համակարգ մտնել:-Ես չեմ նկատել, որ ընկել ա: Որտեղ որ ես աշխատել եմ,  նման բան չեմ նկատել:-Դուք Ձեզ լա՞վ ոստիկան եք համարում:-Դե աշխատում եմ, կատարում եմ պաշտոնական պարտականությունները: Հ.Գ. Երբ հրապարակվեց հայր Պարսամյանի հետ մեր զրույցը, բավականին հետաքրքիր արձագանքներ ստացանք մեր ընթերցողներից: Նրանցից մեկն օրինակ ասաց, որ Սուրիկ Պարսամյանը Արարատում բավականին շքեղ առանձնատուն ունի: Իսկ ուժային կառույցի նախկին աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ դատախազին է պատկանում այսօրվա Հնդկաստանի դեսպանատան շենքը, որը շարված է Արարատից բերված տրաբերտին քարով: Այսինքն` դատախազը շենքը կառուցել է եւ տվել վարձակալությամբ: Տեղեկացանք նաեւ, որ Պարսամյանը մի շքեզ դղյակ էլ ունի ՀՀ Սահմանադրական դատարանի շենքի հետնամասում, որը եւս կառուցված է Արարատից բերված տրավերտինով: Հիշեցնենք, որ Սուրիկ Պարսամյանը դատախազ է աշխատել ինչպես Արարատի, այնպես էլ Գեղարքունիքի մարզում եւ նշվում է, որ այնտեղ եւս ամառանոց ունի:Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս