Ողջախոհության սպասելիս. Հայաստանը կողմ է ԼՂ խնդրի լուծմանը, իսկ Ադրբեջանը տորպետահարում է` սպառնալով պատերազմով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքաղաքական եւ տնտեսական թեմաներով Սերժ Սարգսյանի ելույթները քննադատության չեն դիմանում. աղաղակող վրիպակները շատ են, նույնիսկ չափազանց շատ: Միաժամանակ լինենք անկեղծ եւ նկատենք, որ նույնը չես ասի Ս. Սարգսյանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ելույթների մասին. հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ակնհայտորեն նրա շեշադրումները փոխվել են. Ս. Սարգսյանը կարծես սկսել է ավելի հավասարակշռված, ավելի ճշգրիտ ներկայացնել խնդրի էությունն ու լուծման ուղիները` զերծ մնալով պաթոսի, ռոմանտիզմի, կեղծ հայրենասիրության տիրույթից:

Այս շարքից էր, թերեւս, Մյունխենի անվտանգության համաժողովում նրա վերջին ելույթը, երբ ադրբեջանցի պատվիրակի հարցին ի պատասխան` ասել է. «ԼՂ խնդիրը կարող է լուծվել, եւ Դուք, թեեւ ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ ԼՂ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե Ձեր երկրի ղեկավարությունը սթափվի եւ հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից: …Նորից այս հեղինակավոր ամբիոնից ասում եմ՝ մենք պատրաստ ենք ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը, եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն` խոսքս Ադբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, եւ իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա»: Ս. Սարգսյանը նաեւ հիշեցրել է ԼՂ խնդրի պատճառների մասին, որ ղարաբաղցիների՝ ԽՍՀՄ օրենքներով կազմակերպած ինքնորոշման հանրաքվեին, քաղաքակիրթ գործողություններին ադրբեջանական իշխանությունները պատասխանեցին զենքով: «Պատերազմում փլավ չեն բաժանում: Ես ատում եմ պատերազմը: Սակայն այնպես ստացվեց, որ մենք մեզ պաշտպանելու համար ստիպված էինք ստեղծել անվտանգության գոտի»:

Հետաքրքիրն այն է, որ ԼՂ խնդրին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնացի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ Իլհամ Ալիեւը՝ պաշտոնական Երեւանին մեղադրելով հակամարտությունը չկարգավորելու մեջ` ասելով, որ Հայաստանն ապակառուցողական դիրքորոշում է ցուցաբերում, շարունակում օկուպացիոն քաղաքականությունը գրավյալ տարածքներում: Իսկ այդ երկրի պաշտպանության նախարար Հասանովն իր հերթին նշել է. «Երբ երկու զինված բանակներ կանգնած են դեմ-դիմաց ճակատային գծում, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի», եւ կոչ արել ջանքեր գործադրել «այդ հակամարտության բուն պատճառների վերացման համար»:
Իսկապես, ԼՂ խնդրում անջատում հանուն փրկության սկզբունքն այլընտրանք չունի:




Լրահոս