Վերջապես հայտնաբերվել է Հայաստանում բոլոր խնդիրների պատճառը` լրատվամիջոցներն ու լրագրողները: Նրանք մեղավոր են արտագաղթի ծավալների համար, քանի որ գաղջ մթնոլորտ են տարածում /այդպես էր պնդում Սերժ Սարգսյանը/, մեղավոր են, որ տնտեսությունը չի զարգանում, որ կառավարության նիստերում հարցերը լիարժեք չեն քննարկվում, որ ֆուտբոլի ազգային հավաքականը պարտություններ է կրում:
Լրագրողներն են մեղավոր, որ Երեւանի ավագանու նիստերին ՀՀԿ-ականներն իրենց ամենավերջին խուլիգանի նման են պահում, հարձակվում եւ ծեծում են ընդդիմախոսներին, որ պարոն Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի խնդիրները լուծելու փոխարեն զբաղված է անձնական հարստություն դիզելով, եւ որ այդ հիմնարկում առանձնակի տեմպերով տարածվում եւ զարգանում է թղթախաղը: Կարճ ասած, լրագրողները մեղավոր են այս երկրի բոլոր դժբախտությունների համար:
Եւ ահա մեղքերի այս շարանին ավելացել է եւս մեկը. լրագրողները նաեւ մեղավոր են, որ բարձրաձայնում են Հայաստանի պետական պարտքի ահռելի չափերի մասին: ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն իր հարցազրույցում, անդրադառնալով պետական պարտքի առհելի չափին, երբ հատել է 7 մլրդ դոլարի սահմանագիծը, եւ պատասխանելով հարցին, թե ի՞նչ միջոցներով, ինչպե՞ս պետք է վճարվի այն, ասել է. «Լրագրողներն են սա ավելի խնդրահարույց սարքել: Այն շատ սովորական, չափազանց սովորական խնդիր է: Մենք մշտապես հրապարակում ենք մեր պարտքի մարումների գրաֆիկը, եւ այդ երկու պիկերը՝ 2020 եւ 2025 թթ.-ին, դրանք կապված են մեր թողարկած պարտատոմսերի հետ: Հենց ժամանակը գա, մենք, ամենայն հավանականությամբ, նոր թողարկում ենք անելու»։
Մարդը հսկայական պարտքի կուտակումը սովորական գործընթաց է որակում: Փաստորեն իշխանությունները տարեցտարի երկրաչափական պրոգրեսիայով ավելացնում են երկրի պետական պարտքը, ընդ որում, մի իրավիճակում, երբ տնտեսությունը հազիվ է շնչում, պետական բյուջեն գերմարդկային ջանքերի շնորհիվ է հավաքագրվում: Ու երբ լրագրողները փորձում են մտահոգություն հայտնել, ընդ որում, միանգամայն արդարացված, հանկարծ մեղադրում են այդ թեման «խնդրահարույց» սարքելու համար:
Այս տրամաբանությամբ, իհարկե, կարելի է բոլոր խնդիրները վերացնել` փակելով լրատվամիջոցները, բայց դրանից, միեւնույն է, իրականությունը չի փոխվի. իշխանությունը լեգիտիմ չի դառնա, օրենքներն ու արդարադատությունը չեն գործի, կոռուպցիան չի վերանա, տնտեսությունը չի աճի, եւ ոչ էլ պետական պարտքի չափը կնվազի: Այնպես որ, կկուն հոտած է, գիտի բույնն է հոտել: