Ալբերտ Էյնշտեյն ասում էր. «Երկու բան հիրավի անսահման են` տիեզերքը եւ մարդկային հիմարությունը, թեեւ տիեզերքի մասին համոզված չեմ»: Բայց պարզվում է` անսահման կարող է լինել նաեւ սրիկայությունը: Համենայն դեպս, նման եզրահանգման կարելի է գալ Երեւանի քաղաքապետարանի վերջին օրերի գործելաոճից:
Երեկ հայտնի դարձավ, որ լրագրողները շուտով իրավունք չեն ունանա ներկա գտնվելու Երեւանի ավագանու նիստերին: Քաղաքապետարանում այս որոշումը փորձում են ներկայացնել իբրեւ լրագրողների աշխատանքային պայմանների բարելավում. քաղաքապետարանի առաջին հարկում լրագրողների համար առանձին տարածք է հատկացվելու, որտեղից էլ ուղիղ հեռարձակմամբ պետք է հետեւեն հինգերորդ հարկում անցկացվող ավագանու նիստի ընթացքին: Ավելին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ երեկ հայտարարել է. «Վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների եւ քաղաքապետարանի համագործակցության ձեւաչափը, ինչը, սակայն, ոչ միայն չի խաթարելու թափանցիկության ապահովումը, այլեւ առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի եւ ԶԼՄ-ների համագործակցությունը»:
Այսինքն` քաղաքապետարանը լրագրողների նկատմամբ արհեստական սահմանափակումները ներկայացնում է որպես արդյունավետ համագործակցություն: Այս տրամաբանությամբ կարելի է նաեւ մարդ սպանել ու պատճառաբանել, թե դա արվել է` նրան կյանքի հետագա դժվարություններից զերծ պահելու համար: Այս տրամաբանությամբ քաղաքապետարանը կարող է հանդես գալ ավագանու նիստերի ընթացքում լրագրողներին տնային կալանքի ռեժիմում պահելու նախաձեռնությամբ: Եւ պարոն Տարոն Մարգարյանը կմեկնաբանի, որ սեփական օջախից ավելի հարմար վայր մարդու համար դժվար թե լինի, ահավասիկ, այդ հարմարավետ պայմաններում լրագրողները կարող են իրենց կայքի ուղիղ հեռարձակմամբ հետեւել նիստերին, էլ ինչո՞ւ ավելորդ ջանք գործադրեն, անգամ տրանսպորտի գումար ծախսեն` քաղաքապետարան հասնելու համար:
Իսկ իրականում այս ամենի պատճառն ավագանու նիստերում պարբերաբար դարձած սկանդալային միջադեպերն են՝ հայհոյանքները, ծեծուջարդը, որոնց մասին վկայող տեսագրությունները դարձան հանրության սեփականությունը` պատռելով Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ-ականների դիմակն ու ցույց տալով նրանց իրական կերպարը: Եւ հիմա ավագանու նիստերին լրագրողների մասնակցությունն արգելելով` փորձ է արվում նման հնարավոր միջադեպերի տեսագրությունը կանխել. չէ՞ որ քաղաքապետարանի հեռարձակած ուղիղ եթերն անցանկալի պահերին պարզապես կարող են ընդհատել, եւ մարդիկ չիմանան, թե ինչ է կատարվում ներսում, ՀՀԿ-ականներն ում են հայհոյում, ում են ծեծում: