Որքան հեռու՝ այնքան լավ. «վերածնված» ՕԵԿ-ի կողքից բոլորը հեռանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կարճ կյանք ունեցավ. երեք տարին էլ չբոլորեց: «Օրինաց երկրից» 2015-ին «Հայկական վերածնունդ» դարձած այս կուսակցությունը դարձյալ վերածվում է «Օրինաց երկիր»-ի: Հայաստանյան քաղաքական կյանքում դժվար թե հիշենք մի դեպք, երբ կուսակցությունը երկու անգամ անվանափոխված լինի: Բայց, դե, Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցության դեպքում սա միանգամայն նորմալ երեւույթ է:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե երբ է անցկացվելու արդեն ՕԵԿ-ի համագումարը, եւ արդյո՞ք Արթուր Բաղդասարյանը նորից կընտրվի այս կուսակցության միակ ու անփոխարինելի նախագահ: Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ համագումարը կանցկացվի վաղը: Հարցին` այս անգամ լրատվամիջոցները հրավիրվելո՞ւ են` լուսաբանման համար, նա ասաց. «Կարծում եմ` այո»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, արդեն ՕԵԿ-ական Լեւոն Դոխոլյանի հետ: Հարցին` տեղյա՞կ է համագումարից, վերջինս ասաց, որ տեղեկություն չունի եւ խնդրեց իրեն այդ հարցով չդիմել: Իսկ ինչու փոխվեց կուսակցության անունը եւ այլ հարցերի Դոխոլյանը հրաժարվեց պատասխանել` վստահեցնելով, թե իր տեղը հարմար չէ:

Հատկանշական է, որ այս տարիների ընթացքում բավական մեծ թվով ՕԵԿ-ականներ լքել են կուսակցության շարքերը: Նրանցից մեկը Խաչիկ Հարությունյանն է, ով ժամանակին զբաղեցնում էր նաեւ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը: 2014 թվականին Հարությունյանը դուրս եկավ քաղաքականությունից, հրաժարվեց նաեւ ռեկտորի պաշտոնից: Հիմա Հարությունյանը չի ուզում լսել ՕԵԿ-ի կամ, ընդհանրապես, քաղաքականություն վերադարձի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ՀՎԿ-ից դարձյալ ՕԵԿ անվանակոչված կուսակցությանը գուցե ցանկություն ունենա դարձյալ անդամագրվել, Հարությունյանը բացասական պատասխան տվեց:

Փաստորեն, Արթուր Բաղդասարյանի կուսակցության հետ գործ ունեցած մարդիկ առանձնապես ցանկություն չունեն այսօր միանալու «վերածնված» ՕԵԿ-ին: Ընդհակառակը, նրանց կողքից բոլորը հեռանում են, որքան հեռու՝ այնքան լավ սկզբունքով:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս