Կոռումպացված Հայաստան. տարածաշրջանային երկրներից զիջում ենք անգամ Վրաստանին ու Թուրքիային. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման այս տասը տարիների ընթացքում մշտապես խոսել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Բայց արի ու տես, որ այդ ողջ ընթացքում առանձնապես փոփոխություն տեղի չի ունեցել. համենայն դեպս, նման եզրակացության կարելի է հանգել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության` 2017 թվականին հրապարակած «Կոռուպցիայի ընկալման համաթիվը» զեկույցից: Ըստ այդմ, Հայաստանը 180 երկրների շարքում Եթովպիայի, Մակեդոնիայի եւ Վիետնամի հետ կիսում է 107-110-րդ տեղերը: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2016թ., Հայաստանը 176 երկրների շարքում կիսում էր 113-ից 115-րդ տեղերը: Ասել է, թե Հայաստանում մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում այդպես էլ լուրջ տեղաշարժ չի եղել` հակառակ իշխանությունների պնդումներին եւ այդ նպատակով ծախսված միջոցներին:

Իսկ դա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Ընդ որում, իրավիճակի լրջությունն ավելի լավ է երեւում համեմատության մեջ. Հայաստանը տարածաշրջանային երկրներից զիջում է Վրաստանին ու Թուրքիային: Հայաստանը հետխորհրդային երկրներից զիջում է նաեւ բալթյան հանրապետություններին, Բելառուսին: Միակ մխիթարությունն այն է, որ Ադրբեջանն ավելի վատ դիրքերում է` զբաղեցնելով 122-129-րդ տեղերը: Բայց ինքներդ եք հասկանում` համեմատվելը Ադրբեջանի նման երկրի հետ, որտեղ կոռուպցիան խորը արմատներ ունի, այնքան էլ պատվաբեր չէ: Սա նույնն է, թե համեմատվենք աֆրիկյան հետամնաց ցեղերի հետ` ասելով, որ ի տարբերություն նրանց` մենք մարդ չենք ուտում, կամ այնքան զարգացած ենք, որ օգտվում ենք բջջային հեռախոսներից, ինտերնետից եւ այսպես շարունակ:
Ուշագրավ է մեկ այլ հանգամանք եւս. ինչպես երեկ մեկնաբանել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, կոռուպցիայի ընկալման համաթիվը ներդրողների, պետությունների կողմից կարեւորվում է որպես առավել ադեկվատ գնահատական: «Սա ոչ թե շարքային քաղաքացիների գնահատական է, որ չասեն, թե նրանք սոված են, աղքատ են, դրա համար ցածր են գնահատում, այլ փորձագետների, գործարարների ընկալման գնահատականն է, այդ թվում՝ արտասահմանցի փորձագետների»,- պարզաբանել է նա:

Այսքանից հետո, թերեւս, կարելի է պատկերացնել, թե ինչո՞ւ Հայաստանը չի զարգանում, ինչո՞ւ այստեղ օտարերկրյա ներդրումները չեն ավելանում, եւ այդպես շարունակ:




Լրահոս