Սեյսմիկ վտանգավոր. Հայաստանի իշխանություններին ևս մեկ երկրաշա՞րժ է հարկավոր` սթափվելու և հետևություններ անելու համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ չլինեն համակարգային լրջագույն խնդիրներ: Սակայն կա մի ոլորտ, որի մասին քիչ է խոսվում, բայց որն առանցքային նշանակություն ունի ՀՀ գրեթե յուրաքանչյուր քաղաքացու կյանքում, եւ որտեղ առավել քան լուրջ խնդիրներ են. խոսքը քաղաքաշինության բնագավառի, մասնավորապես շենքերի սեյսմակայունության մասին է: Եւ ահա, երեկ իր ասուլիսի ժամանակ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հայտարարել է. «Շենքների 70 տոկոսը չի համապատասխանում սեյսմիկության ժամանակակից նորմերին»։ Միաժամանակ նա հավելել է, թե բնակարանային ընդհանուր ֆոնդի ամրապնդումը եւ վերակառուցումը պետության համար չափազանց մեծ ֆինանսական բեռ կդառնա:

Պարզ է` ոչ սեյսմակայուն շենքերի գերակշիռ մեծամասնությունը Երեւանում է, որտեղ եւ բեւեռացված է երկրիի բնակչության կեսից ավելին, եթե չասենք՝ երկու երրորդը: Եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ առումով վտանգավոր տարածաշրջանում, իրավիճակն առավել քան մտահոգիչ կարելի է համարել: Հիշում եք վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ու հարեւան երկրներում մի քանի անգամ գրանցված երկրաշարժերը: Բարեբախտաբար այդ երկրաշարժերը թույլ էին, եւ մեծ ավերածություններ չեղան, գոնե մեզ մոտ: Բայց շատ ավելի մտահոգիչ է այս ամենի հանդեպ իշխանությունների անտարբերությունը, երբ «փող չկա» պատճառաբանությամբ փորձում են խուսափել խնդիրները լուծելուց: Ու պետք է նկատենք, որ 88-ի աղետալի երկրաշարժն ամենեւին դաս չի եղել ՀՀ իշխանությունների համար: Նրանք այդպես էլ հետեւություններ չեն կատարել 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերից:

Ու հիմա բնակարանային ֆոնդի ամրապնդումն ու վերակառուցումը չափազանց մեծ ֆինանսական բեռ են համարում այն իշխանությունները, որոնք ահռելի գումարներ են ծախսում անիմաստ նպատակներով: Լրատվամիջոցները բազմիցս են անդրադարձել նախագահականի, խորհրդարանի, կառավարության, նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի շռայլ ծախսերին` միլիոնավոր դրամների կոնյակներ, հուշանվերներ, կահույք, ռեստորաններում ճոխ քեֆեր, այդ ամենին գումարած՝ զանազան տոնակատարություններ:

Հետաքրքիր է՝ մի՞թե իշխանություններին եւս մեկ երկրաշարժ է հարկավոր` սթափվելու եւ հետեւություններ անելու համար, ճիշտ այնպես, ինչպես եղավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ երեւան եկան զինված ուժերի խնդիրները, պարզվեց՝ բանակը տարիներ շարունակ թալանվել է: Դրանից հետո հետեւություններ արվեցին, բայց 100-ից ավելի զոհ տալուց եւ 800 հեկտար տարածք կորցնելուց հետո:




Լրահոս