ԱՆԳԱՄ ՍԻԳԱՐԵՏՆ ԵՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զարգացման հիմնադրամն ու ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, որոնք ղեկավարում են վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականները, ահռելի բեռ են դարձել ՀՀ պետական բյուջեի վրա: Այս կառույցների ներկայացուցիչները որոշել են իրենց էլիտար հաճույքները բավարարել հարկատուներիս հաշվին` այդպիսով իրականացնելով ճոխ գնումներ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած Հայաստանի զարգացման հիմնադրամն այս տարի նախատեսել է գնել 10 հատ 1500 դրամանոց սիգարետ, բնականաբար, բյուջեի միջոցներով: Թե ում համար են նախատեսված այս սիգարետները, պարզ չէ: Բայց փաստ է, որ մինչ ՀՀ առողջապահության նախարարությունը պայքարում է ծխելու դեմ` ներկայացնելով համապատասխան օրինագիծ, այս կառույցի աշխատողներն անգամ իրենց ծխախոտն են ուզում հանրային միջոցներով գնել: Սա դեռ ամենը չէ. պարզվում է` սիգարետի հետ միասին նրանք մտածել են նաեւ սուրճի, թեյի մասին` ընդ որում, նախատեսելով գնել ամենաթանկարժեքը: Այսպես` մեզ հայտնի դարձավ, որ պետական միջոցներով կգնվի նաեւ 6 տուփ 830 դրամանոց թեյ, 15 հատ աղացած սուրճ, որի մեկ հատի արժեքը 1000 դրամ է: Բացի այս` Հիմնադրամի աշխատակազմը նախատեսել է գնել նաեւ 10 հատ լուծվող սուրճ, որի մեկ տուփն արժի 4100 դրամ, իսկ 3 կգ շաքարավազի համար կհատկացվի 1500 դրամ:
Ինչպես նկատում եք` այս հիմնադրամում որոշել են թեյն ու սուրճը գնել ամենաթանկը, բայց սա միանգամայն հասկանալի պատճառներով. այդ գնումներն անելու են ոչ թե իրենց միջոցներով, այլ պետական բյուջեի հաշվին: Դրա համար էլ օսլայած մազերով ջահելները որոշել են իրենց հաճույքները բավարարել այսպես:
Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմը, բնականաբար, առանց բենզինի չի կարող աշխատել: Ըստ այդմ, ընթացիկ տարվա համար նախատեսվում է գնել 8000 լիտր ռեգուլյար տեսակի բենզին` մեկ լիտրը 410 դրամով: Իսկ ընդհանուր 8000 լիտր բենզինի համար կծախսվի 3 մլն 280 հազար դրամ: Բացի այս` Հիմնադրամը կգնի նաեւ 2000 լիտր ռեգուլյար տեսակի բենզին` մեկ լիտրը 450 դրամով, եւ ընդհանուր կծախսվի 900 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմը ընթացիկ տարվա համար գնելու է 400 հատ կատալոգ, որոնց համար կծախսվի 900 հազար դրամ: Այսինքն` մեկ կատալոգը հիմնադրամը նախատեսում է գնել 2250 դրամով: Իսկ գրասենյակների մաքրման ծառայությունների համար նախատեսվում է ծախսել 1 մլն դրամ: Նույնքան կծախսվի նաեւ մաքրման այլ ծառայությունների համար: Բացի այս` հիմնադրամը նախատեսում է ընթացիկ տարում նկարահանել կինոտեսաֆիլմ, որի համար ծախսելու է 326 հազար դրամ. հավանաբար, որոշել են գովազդել իրենց անիմաստ աշխատանքը:
Ըստ գնումների պլանի` կանոնավոր օդային փոխադրման ծառայությունների համար կծախսվի 10 մլն դրամ: Փաստորեն, Հիմնադրամի աշխատողները պետական միջոցները անգամ չեն խնայում իրենց գործուղումների համար: Նրանց գործուղումները արդյո՞ք դրական արդյունք են ունեցել Հայաստանի վրա, դժվար է ասել:
Բայց պարզվում է, որ բացի Հայաստանի զարգացման հիմնադրամից` պետական միջոցները մսխող մեկ այլ հիմնադրամ եւս կա: Խոսքը «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի մասին է: Հիշեցնենք, որ անցած տարվա սկզբին Հայաստանում ձեւավորվեց ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, որի գործադիր տնօրենը վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է:
Եթե Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմը նախընտրում էր 1500 դրամանոց սիգարետներ, ապա այս հիմնադրամի երիտասարդները խմում են ամենաթանկ սուրճը: Ըստ գնումների պլանի` հիմնադրամի աշխատակազմը նախատեսում է գնել 30 հատ Espresso տեսակի սուրճ, որի մեկ տուփի արժեքը կազմում է 12 հազար դրամ: Այսինքն` միայն 30 հատ սուրճի համար կծախսվի 360 հազար դրամ: Իսկ լուծվող 15 հատ սուրճի համար ընդհանուր կծախսվի 82 հազար 500 դրամ: Բացի այս` նրանք գնելու են նաեւ 5500 դրամ արժեք ունեցող լուծվող սուրճ: Կգնվի նաեւ 100 հատիկ` 3-ը 1-ում լուծվող սուրճ, որի մեկ հատն արժի 60 դրամ: Իսկ 60 հատ փաթեթներով թեյի համար կծախսվի 50 հազար 400 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է մի շարք պետական գերատեսչությունների, այդ թվում՝ նախարարությունների գնումների պլանները, եւ երբեք չի հանդիպել, որ 12 հազար դրամանոց Espresso սուրճ գնեն: Հետաքրքիր է՝ եթե օսլայած մազերով երիտասարդներն օգտագործեն, օրինակ, «Արաբիկա» տեսակի սուրճ, նրանց աշխատանքի որակը կտուժի՞, թե՞ միտքը չի աշխատի:
Նշենք նաեւ, որ ընթացիկ տարվա համար նախատեսվում է գնել 10 հատ 3000 դրամանոց բաժակներ: 10 տուփ 8000 դրամանոց թեյի կամ սուրճի բաժակները հիմնադրամը գնելու համար կծախսի 80 հազար դրամ, սուրճի 10 տուփ փոքր բաժակների համար` 65 հազար դրամ, իսկ 7 հատ պատառաքաղի, գդալի համար կծախսվի 7000 դրամ: Բացի այս` գնվելու է 1200 դրամ արժեք ունեցող 50 հատ խոնավ անձեռոցիկ:
Նաեւ հիմնադրամը ձեռք է բերելու հյուրանցում բնակվելու ծառայություններ, որը պետական բյուջեի վրա նստելու է 300 հազար դրամ: Հիմնադրամը որոշել է իր աշխատակիցների՝ տաքսիով շրջագայությունները եւս բյուջեի հաշվին կազմակերպել ու այդ նպատակով ծախսել 200 հազար դրամ: Իսկ կանոնավոր օդային փոխադրման ծառայության համար կծախսվի 9 մլն դրամ: Բացի այս` 36 մլն դրամ նախատեսվում է ծախսել ընթացիկ տարում տարածքների վարձակալության համար: Հավանաբար խոսքը իրենց գրասենյակի մասին է, որտեղ պետք է երիտասարդները աշխատեն:
Հետաքրքիր է` այս հիմնադրամների ղեկավարները, որ նաեւ վարչապետի խորհրդականներն են, տեղյա՞կ են արդյոք, որ իրենց ղեկավարը՝ Կարեն Կարապետյանը, ոչ վաղ անցյալում հայտարարեց բյուջեի ծախսերը հնարավորինս կրճատելու, խնայողության ռեժիմի անցնելու մասին: Ավելին` բյուջեի միջոցները խնայելու համար կառավարությունը նույնիսկ օպտիմալացրեց մի շարք հիմնարկներ` արդյունքում՝ գործազուրկ թողնելով տասնյակ մարդկանց: Բայց, փաստորեն, ուրիշներին գործազուրկ թողնելու գնով խնայված գումարներն այս հիմնադրամներն իրենց աշխատակիցների էլիտար հաճույքների համար են ծախսում, այն էլ առանձնահատուկ ոգեւորությամբ: Իսկապես, այս ամենը հիշեցնում է Օրուելի «Անասնաֆերմա»-ի հայտնի տողերը. «Բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՎՃԻՌԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Հայաստանի կառավարությունը արդարադատության նախարարությանը կհատկացնի 6 հազար եվրոյին համարժեք դրամ: Բանն այն է, որ նշված գումարը ԱՆ-ն պետք է վճարի ՄԻԵԴ դիմած դիմումատուին:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անցած տարվա սեպտեմբերի 14-ին վճիռ էր կայացրել «Մաթեւոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Պալատի կազմով, հրապարակել է «Մաթեւոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի` խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում խախտում: Ըստ այդմ, ՀՀ-ն դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 6000 եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2017 թվականի դեկտեմբերի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը մարտի 14-ն է:
«Տեղեկացնենք, որ դիմումատուն պնդել է, որ Կապանի ռազմական ոստիկանության բաժանմունքում գտնվելու ընթացքում խոստովանական ցուցմունքներ ստանալու նպատակով ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի: Նա նաեւ նշել է, որ իր նկատմամբ վատ վերաբերմունքի պնդումների առնչությամբ իշխանությունները չեն իրականացրել ադյունավետ քննություն: Իսկ Եվրոպական դատարանը գործի քննության արդյունքում եզրահանգել է, որ ՀՀ իշխանությունները ձախողել են ադյունավետ քննության իրականացումը` հաստատելով դիմումատուի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված դատավարական իրավունքների խախտում:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

«ՄԻՔԱՅԵԼՅԱՆ» ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ԿՎԱՃԱՌՎԻ

ArmLur.am-ի տեղեկություններով` «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ձեռք կբերի «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերը: Դրանք 152 հազար 808 հատ սովորական բաժնետոմսեր են` 1000 դրամ արժեքով: Այսինքն` ընդհանուր արժի 2.5 մլրդ դրամ:
«Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը խոստացել է հանրակացարանային, ուսումնական եւ կլինիկական նշանակության շենքային պայմանների ընդլայնում իրականացնել միայն «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման եւ տվյալ բուժհաստատության շենքային պայմանների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների կատարման միջոցով: Բացի այս` «Avenue Consulting Group» կազմակերպության կողմից կատարվել է համապարփակ վերլուծություն եւ տրվել է ֆինանսական եւ իրավական հաշվետվություն ընկերության ներկայիս ֆինանսական եւ իրավական պարտավորությունների մասին:
ArmLur.am-ը տեղեկացել է նաեւ, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի հետ ստորագրվել է եռակողմ պայմանագիր` ընկերության գաղտնիությունը պահպանելու վերաբերյալ: Ավելին` համալսարանի եւ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի հիմնական բաժնետերերի հետ նախնական բանակցությունների արդյունքում նախատեսվում է ձեռք բերել տվյալ ընկերության կանոնադրական կապիտալի 90.5 տոկոս մասնաբաժինը մոտ 2.5 մլրդ դրամով:
Գործարքի արդյունքում ընկերությանը պատկանող 32,000 ք.մ ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները կանցնեն համալսարանի տնօրինության տակ եւ մոտ 4 մլն դոլար լրացուցիչ ներդրումների իրականացման դեպքում հնարավորություն կստեղծվի ունենալու լրացուցիչ 32,000 ք.մ ուսումնական, գիտական, կլինիկական եւ հանրակացարանային գործառույթներ իրականացնելու համար արդի պայմաններ:
Այսպիսով` իրականացնելով մոտ 4.5-5 մլրդ. դրամ կապիտալ ներդրումներ` համալսարանը կունենա մոտ 59,000 ք.մ «արտադրական» տարածքներ, ինչպես գիտակրթական գործունեության ընդլայնման, այնպես էլ համալսարանական հիվանդանոցների գործունեության ընդլայնման եւ զարգացման համար:




Լրահոս