ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կայքում երեկ գեղեցիկ անեկդոտ էր տեղադրված. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդին Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանին ուղղված պաշտոնական նամակում բարձր է գնահատել Պաշտպանի աշխատակազմի գործունեությունը»։ Սա դեռ ամենը չէ. անեկդոտը նաեւ շարունակություն ունի: Ըստ այդմ, ՄԻԵԴ նախագահը կարեւորել է ՍԴ ներկայացվող դիմումներով հատուկ կարծիքներ ներկայացնելու եւ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր մշակելու ՄԻՊ պրակտիկան: Նա նաեւ ընդգծել է, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ՄԻՊ զեկույցները ճանաչվում են կարեւոր աղբյուր, որոնց վրա հղումներ են կատարվում Հայաստանին վերաբերող վճիռների մեջ:
Իսկապես, որպես հումոր` ՄԻԵԴ նախագահի նամակը շատ լավ է ստացվել: Իսկ եթե պարոն Ռայմոնդին այս ամենը լուրջ է գրել, արձանագրենք` նա խորը թյուրիմացության մեջ է: Համենայն դեպս, ՀՀ քաղաքացիներս Թաթոյանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում միանգամայն հակառակ պատկերի ենք ականատես եղել. Թաթոյանն իրեն դրսեւորել է ոչ թե ՀՀ քաղաքացիների, այլ իշխանությունների իրավունքների պաշտպան: Նա այդպես է վարվել ներքաղաքական բոլոր կարեւորագույն իրադարձությունների ժամանակ` խուսափելով հստակ դիրքորոշում հայտնելուց, գերադասելով կրավորական կեցվածքը. հիշում եք` «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին ցուցարարների նկատմամբ ոստիկանական հարձակումներ, 2017թ. ԱԺ ընտրություններ, երբ վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ ընտրակաշառք բաժանելով իշխանությունները, ըստ էության, խոչընդոտում էին ընտրողների` փակ, ազատ քվեարկության իրավունքը եւ այսպես շարունակ: Ու քանի դեռ իշխանությունները չէին հայտարարել բիզնես-օմբուդսմենի գրասենյակ ստեղծելու իրենց նախաձեռնության մասին, Թաթոյանը մյուս չինովնիկների նման պարտաճանաչ մասնակցում էր կառավարության նիստերին: Այդ հիմա է, որ նա նեղացել է իշխանություններից` ձգտելով ինքնուրույն գործելու փորձեր անել:
Այնպես որ, հետաքրքիր է` ՄԻԵԴ-ում ինչպե՞ս են հիմնվում Արման Թաթոյանի զեկույցների վրա եւ ինչպե՞ս են կարծիք կազմում, եթե նա խուսափում է Հայաստանում մարդու իրավունքների համատարած խախտումների մասին հստակ դիրքորոշում հայտնելուց կամ եթե հայտնում է, ապա լղոզված:
Ինչ վերաբերում է ՍԴ հատուկ կարծիքներ ներկայացնելու եւ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր մշակելու ՄԻՊ պրակտիկային, այստեղ արձանագրենք` սա նվազագույնն է, որ անում է Թաթոյանը. ի վերջո, սա ՄԻՊ պարտականությունների մեջ ամենաանշառն է: