Լսելով նոր գյուղնախարար Սերգո Կարապետյանի արտահայտած մտքերը` այնպիսի տպավորություն կարելի է ստանալ, որ նա պատրաստվում է հայ գյուղացուն տանել հետ` դեպի միջնադար: Զերծ ենք մնում բերքն օրհնել տալու արտառոց միտքը մեկնաբանելուց, քանի որ առանց այն էլ այդ գաղափարն իր հետեւից բերեց աստվածանարգ մտքերի հեղեղ: Երեւի սովետական կրթություն ստացած նախարարը երբեւէ չէր լսել, որ «չի կարելի Աստծո անունը զուր տեղը հոլովել»:Կիրակնօրյա «Հայլուր»-ը փորձ էր անում հայերիս համոզել, որ գյուղատնտեսության ոլորտում ամեն ինչ լավից դեպի լավագույնն է գնում, եւ Սերգո Կարապետյանը հենց այդ «նավավարն է»: Վերջինս էլ, գյուղացիների հետ ասել-խոսելով, փորձում էր համոզել (հասկացողները դրան ասում են «լոլո կարդալ»), թե ամեն ինչ կանեն, թող մի քիչ համբերեն, բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվի եւ այլն, եւ այլն: Ասես մինչեւ իրեն պաշտոնի նշանակելը ոչ ոք ոչինչ չի արել: Երեւի իսկապես շատ բան չի արվել, բայց ի՞նչ երաշխիք, որ Սերգո Կարապետյանը կանի: Առայժմ նա ասում է բաներ, որ գյուղացիների զարմանքն է շարժում:Օրինակ` գյուղտեխնիկայի վերաբերյալ ասաց. «Նույն հողը չէ՞, ո՞նց են մեր պապերը առանց մեխանիզացիայի մշակել»: Գյուղացիներից մեկը զանգել էր խմբագրություն եւ զայրացած հարցնում էր. «Էդ մարդը բարձրագույն կրթություն ունի՞, բա ո՞նց է տենց բաներ խոսում: Մենակ մնում է գութանը կապեն մեր վզից: Խի դա պաշտոնյայի ասա՞ծ է: Մեր գյուղում ընդամենը մի տրակատոր կա, էն էլ հողի մեջ փչանում, լռվում-մնում է: Փոխանակ մտածեն ամեն գյուղին մի թազա մեխանիզացիա տան, որ մարդկանց գործերը առաջ գնան, եկել, գութանից են խոսում: Հեսա գարունը բացվում է, սաղ օրը տրակտորիստի հերթի ենք: Վարձի թանկությունն էլ աչքներիս չի գալիս, մենակ հասցնենք մեր բերքը ցանենք»:Մեր կողմից հարկ ենք համարում նկատել, որ մեր պապերը խորհրդատվության համար միլիոնավոր դոլարների վարկ չէին վերցնում (կամ ծախսում), բացի այդ, պետական բյուջեի հաշվին հսկա նախարարություն չէին պահում` իրենց փոխնախարարների, վարչության պետերի, ավագ ու կրտսեր մասնագետների հսկա բանակով: Այնպես որ, ավելի լավ է մեր պապերից չխոսենք:Լոլիկի ջերմոցում հեռուստաօպերատորը ցուցադրում էր կանաչ լոլիկները` իբրեւ էկզոտիկ ու գեղեցիկ կադր, իսկ ջերմոցում` «շուշի տակ», չարչարվող մարդիկ նախարարին ուղղեցին ամենակարեւոր հարցը. «Կարո՞ղ է էս տարի էլ մենք չարչարվենք, միլիոնների գազ վառենք, բայց հենց բերքը հանենք շուկա, ղեկավարները Պարսկաստանից ու Թուրքիայից պոմիդոր ներկրեն, մի քանի կոպեկ էժան լցնեն սուպերմարկետներն ու շուկան, եւ մեր չարչարանքը ջուրը գցեն»:Արտաշատում բնակվող եւ սեփական տնտեսությունն ունեցող, հավանաբար «պոմիդորի մոնոպոլիայից» տուժած գյուղնախարար Սերգո Կարապետյանը բացարձակ անտեղյակ ձեւացավ. «Դե եթե բնակչության պահանջարկը բավարարվի, ո՞վ պիտի ներկրի»:Նախ` երեխան էլ գիտի, որ կիլոգրամը հազար դրամով Հայաստանում ամեն մարդ պոմիդոր չի առնում, իսկ պաշտոնական տվյալներով հինգ հարյուրից ավելի ջերմոցային տնտեսություններն այդ պահանջարկը լիուլի բավարարում են: Անցյալ տարի ջերմոցատերերը կառավարության առաջ ցույց արեցին, սակայն «մոնոպոլիան» արեց իր սեւ գործը: Ո՞վ չի ուզենա, ներկրման ու հարկման արտոնություն օգտագործելով, մի քանի օրում միլիոններ դիզել: Դա լավ գիտե նաեւ գյուղնախարարը: Գուցե ներկրողների անուններից էլ է տեղյակ:Հ.Գ. Եթե Սերգո Կարապետյանն իր պոպուլիստական մտքերն արտահայտում է ջերմոցներում գյուղացիների հետ երես առ երես հանդիպմանը, ապա ինքն իրեն լա~վ գյուղնախարար համարող Դավիթ Լոքյանը նախընտրում էր խնձորի այգիները: Տարիներ առաջ նա, ժողովրդական մարդու ջերմությամբ (իբր ես էլ ձեզնից մեկն եմ) դարձյալ Արմավիրի մարզում, դարձյալ «Հայլուր»-ով ծառից կանաչ խնձոր պոկեց, քսեց կապտաթույր վերնաշապիկի թեւքին, սրբեց ու ախորժակով կծեց: Իբր` տեսե՛ք` ի~նչ լավ զարկ ենք տվել խնձորի արտադրությանը:Տեսա՞ք ինչ եղավ: Փաստորեն «նավսեց», եւ հիմա խնձորի կիլոգրամի գինը 1500 դրամ է:ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԱՎԱՏԵՍ «ՀԱՅԼՈՒՐ»-Ը ԵՎ ԶՎԱՐՃԱԽՈՍ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ