ՀԷԿ-երի կառուցման նոր չափանիշներ կսահմանվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարությունը մտադիր է առաջիկայում սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման համար չափորոշիչներ: Ըստ որի` դրանք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր ՀԷԿ-երի վնասակար ազդեցությունները: Բանն այն է, որ վերջին տարիներին ակտիվ ջրօգտագործման, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության հետեւանքով գետային հոսքի նվազման պատճառով ՓՀԷԿ-երի շահագործումը բացասական ազդեցություն է ունենում ջրային էկոհամակարգերի վրա: Ըստ այդմ, կարգելվի ՓՀԷԿ-երի կառուցումը Հայաստանի 22 գետի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որոշման նախագծով նախատեսվում է արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը Գավառագետի, Ծակքարի, Լիճքի, Կարճաղբյուրի (Մաքենիս), Մասրիկի, Վարդենիսի, Արգիճիի, Մարտունիի, Ձկնագետի, Հրազդանի, Աղստեւի, Ախուրյանի, Որոտանի, Արփայի, Ձորագետի, Եղեգիսի, Ազատի, Մարցի, Գոշի, Մեղրիգետի, Ողջի գետի Կապուտջուղ եւ Քաջարանց վտակների վրա: Այս գետերում ՓՀԷԿ-երի հետագա կառուցման ու շահագործման արգելքը պայմանավորված է նրանով, որ այստեղ առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված կամ տեղանքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակներ, ջրային բույսեր` հիդրոֆիտներ, որոնք էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր են, գետեր, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս եւ ավելի է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գետերի վրա ՓՀԷԿ-եր ունեն կառուցած բազմաթիվ ներկա եւ նախկին պաշտոնյաներ: Այդ թվում եւ նախարարներ: Այնպես որ, չի բացառվում, այս որոշումը միգուցե հենց իշխանավորների` արդեն իսկ ունեցած ՀԷԿ-ն ապահովագրելու, այս դաշտում մրցակցությունը նվազեցնելու համար է:

Օրինակ` Մարցի գետի վրա առաջին եւ ամենամեծ ՀԷԿ-ը 2011թ. է կառուցվել Վանաձորի նախկին քաղաքապետի ու եղբոր` Սամվել եւ Սեյրան Դարբինյանների կողմից: Նրանք հավասարապես տնօրինում են «Արգիշտի-1» ՍՊԸ-ի բաժնեմասը: Իսկ «Այուդա-Լոս» ՍՊԸ-ն Մարցի գետը սնուցող Սարաջուր վտակի վրա է կառուցել «Պոզիտրոն» ՀԷԿ-ը: Ընկերության բաժնետերերի գերակշիռ մասը դաշնակցականներ են: Այդ թվում է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ով ունի 20 տոկոս բաժնեմաս, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` 10 տոկոս, իսկ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին` Սերգեյ Լոքյանը` 20 տոկոս:
Մյուս գետը, որտեղ բնապահպանության նախարարությունը առաջիկայում կարգելի ՀԷԿ-ի կառուցումն ու շահագործումը, Եղեգիսն է, որի վրա կառուցված են ավելի քան 8 ՀԷԿ: Այսպես` «Սուրբ Աղբյուր» ՓՀԷԿ-ը շահագործող «Սուրբ աղբյուր» ընկերության հիմնադիրն է Արշավիր Սարգսյանը: Մամուլի հրապարակումների համաձայն` Ա. Սարգսյանը Աղվան Հովսեփյանի որդու` Նարեկ Հովսեփյանի եւ մի քանի այլ անձանց հետ Դավիթաշենի ավտոմեքենաների տեխնիկական զննում իրականացնող «Տրանս-սիստեմ» ընկերության համասեփականատերն է:

Իսկ «Ալնարս» ՓՀԷԿ-ը շահագործող «Ալնարս» ՍՊԸ-ի հիմնադիրներն են Արսեն Գաբրիելյանը, Նարեկ Մնացականյանը, Ալբերտ Մարգարյանը: Սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այս ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին: ԲՆ-ն կարգելի նաեւ Հրազդան գետի վրա ՓՀԷԿ-երի հետագա կառուցումն ու շահագործումը: «Հովթեր» ՍՊԸ-ն Հրազդան գետի վրա մտադիր է ՀԷԿ կառուցել: Այս ընկերության հիմնադիրն է Կարեն Համբարձումյանը: Բայց մամուլի հրապարակումների համաձայն` Կ. Համբարձումյանի հետ միասին բաժնետեր է նաեւ Անահիտ Կարապետյանը, ով պատգամավոր Վահե Էնֆիաջյանի մայրն է: Ի դեպ, Կ. Համբարձումյանն էլ Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս