Նալբանդյանը խոսում է ՀՀ-ում ժողովրդավարությունն ապրապնդելուց, մինչդեռ ժողովրդի ձեռքից սահանադրությամբ խլեցին նախագահ ընտրելու իրավունքը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը հանձնառու է առավել ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները, օրենքի գերակայությունը, դատական համակարգը, արդյունավետ կառավարումը, շարունակել բարեփոխումների գործըթանցը՝ հենվելով գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի աջակցության վրա։ Ընդ որում, Էդվարդ Նալբանդյանը ժողովրդավարության մասին խոսել է Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխությունների համատեքստում:

Համաձայնեք` Հայաստանի իշխանությունների փարիսեցիությունը սահմաններ չունի: Միջազգային կառույցների, օտարերկրյա պետություների ղեկավարների հետ հանդիպումներին ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Էդվարդ Նալբանդյանը, ե՛ւ, ընդհանրապես, ՀՀ մյուս բարձրաստիճան պետական պաշտոնյաները միանգամից սկսում են խոսել մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ նման այլ բարձր արժեքներից, բայց մյուս կողմից` Հայաստանում նույն այդ իշխանությունն ամեն քայլափոխի ոտնահարում է ժողովրդավարական արժեքները, խախտում մարդու իրավունքները, օրենքը կիրառում ընտրողաբար` դատական համակարգը պահելով կախվածության մեջ եւ այսպես շարունակ:

Բավական է միայն հիշել, թե իշխանություններն ինչ բիրտ մեթոդներով սկզբում տրոհեցին քաղաքական դաշտը, եւ հետո ինչ այլանդակ կեղծիքների արդյունքում անցկացրին սահմանադրական հանրաքվեն: Հիմա դրանից հետո խոսել ժողովրդավարական արժեքների մասին, միաժամանակ հիշեցնելով կեղծիքներով ընդունված Սահմանադրությունը, մեղմ ասած՝ «սիրուն չէ»: Ընդ որում, ՀՀ ԱԳ նախարարը խոսում է Հայաստանում ժողովրդավարական հաստատություններն ամրապնդելու մասին այն դեպքում, երբ իրականում իշխանություններն ավելի ու ավելի սահմանափակում են այն: Բավական է միայն նշել, որ ժողովրդավարության առաջնային ցուցիչներից մեկն էլ ժողովրդի կողմից իշխանություն ձեւավորելու իրավունքն է: Այնինչ` նույն այդ կեղծված Սահմանադրությամբ իշխանությունները ժողովրդի ձեռքից վերցրել են այդ իրավունքը. նախկինում եթե ՀՀ քաղաքացին ընտրում էր նախագահ, ԱԺ եւ ՏԻՄ մարմիններին, հիմա դա չկա. ժողովուրդն ընտրում է միայն խորհրդարանի պատգամավոր եւ ՏԻՄ մարմիններին, այն էլ՝ ավագանու անդամներին: Նոր Սահմանադրությամբ իշխանությունները ժողովրդի ձեռքից վերցրին նախագահ եւ քաղաքապետ ընտրելու իրավունքը: Ասել է, թե իշխանությունները ժողովրդավարությունն ամրապնդելու փոխարեն, ընդհակառակը, սահմանափակեցին այն: Ասել է, թե իրականում մեզանում կեղծ ժողովրդավարություն է. իշխանությունները շարժվում են այդ փիլիսոփայությամբ:




Լրահոս