«Տեսնում եմ, որ անշահասիրաբար փող եք սիրում…». Օստապ Բենդերի հետևորդներն ու վարչապետի` թուղթ մրոտող խորհրդականը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է Կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա Սերժ Սարգսյանին է զեկուցել կենտրոնի կողմից 2017թ. իրականացված աշխատանքներն ու 2018թ. գործունեության հիմնական ծրագրերը:

Թե կոնկրետ ի՞նչ աշխատանքներ է իրականացրել վարչապետի խորհրդականի գլխավորած կենտրոնը` բացի թուղթ մրոտելուց, վաղուց հայտնի ճշմարտությունները կարեւոր ծրագրերի անվան տակ ներկայացնելուց, պարզ չէ: Փոխարենը պարզ է, որ նրանք նույն ոճով պատրաստվում են շարունակել նաեւ այս տարի` բնականաբար, այդ ամենի դիմաց որպես վարձատրություն պետբյուջեից ստանալով ահռելի գումարներ: Մամուլը բազմից է անդրադարձել այս անիմաստ կառույցին` տեղեկացնելով, թե ՀՀ պետական բյուջեի վրա ինչ ահռելի բեռ է այն դարձել: Բավական է միայն նշել` Ալեքսանդր Խաչատուրյանն ու իր գլխավորած կառույցի աշխատակիցները ստանում են միլիոնավոր դրամների աշխատավարձ: Բացի այդ` «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, թե այս կառույցը բյուջեի հաշվին ինչ շռայլ գնումներ է կատարում. անգամ սիգարետն են բյուջեի հաշվին գնում՝ այդպես վատնելով հանրային միջոցները: Ինչպես կասեր մեծ Կոմբինատոր Բենդերը. «Տեսնում եմ, որ անշահասիրաբար փող եք սիրում…»:

Եւ ահա, այդքան գումար ստանալուց հետո, պարզվում է, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը հետեւյալ աշխատանքն է իրականացնում. Խաչատուրյանը Ս. Սարգսյանին ասել է, թե կենտրոնը հանրային քննարկումներ է կազմակերպել մինչեւ 2030թ. Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների ու առաջիկայում այդ փաստաթղթի վերաբերյալ, իրականացրել է գյուղատնտեսության, ինչպես նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների գործառութային վերլուծություն, երկու նախարարությունների համար նախագծվում է հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ: Պաշտոնական հաղորդագրությունից պարզվում է, որ այս կենտրոնն ակտիվ է նաեւ ԵՄ-ի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գրասենյակի կողմից ֆինանսավորվող ծրագրերին «աջակցություն» ցուցաբերելու հարցում:

Այլ կերպ ասած` կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն ու իր ղեկավարը միշտ հայտնվում են այնտեղ, որտեղ փող կա, բնականաբար՝ «խորհրդականի» եւ «խորհրդատուի» դիրքերից: Ճիշտ եւ ճիշտ մեծ Կոմբինատորի նման, որին սնում էին միայն գաղափարները, եւ որը փող աշխատելու 400 համեմատաբար ազնիվ մեթոդ գիտեր:




Լրահոս