Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, թե Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը կակտիվանա ընտրություններից հետո: «Կողմերը որոշել են Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո քննարկումներն ավելի եռանդուն կերպով շարունակել: Երբ երկու պետություններում նոր կառավարություններ ձեւավորվեն, մենք ինտենսիվ կերպով կշարունակենք բանակցությունները»,- պնդել է Մամեդյարովը:
Այլ կերպ ասած` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում լուրջ տեղաշարժ կարելի է ակնկալել միայն ապրիլից հետո, երբ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում ավարտված կլինեն ներքաղաքական վերադասավորումները: Սա միանգամայն սպասելի էր. վերջին իրադարձությունների տրամաբանությունը հուշում է, որ ապրիլից հետո ԼՂ խնդրով բանակցությունները նոր թափ են ստանալու, արագ հանգուցալուծման ակնկալիքով:
Ինչպես հայտնի է` ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Ընդ որում, նախագահական ընտրություններն այդ երկրում պետք է տեղի ունենային հոկտեմբերին, սակայն Իլհամ Ալիեւի հրամանագրով այդ գործընթացն արագացվեց:
Դրանից հետո նաեւ Հայաստանում են ընտրություններ սպասվում. ընտրողը, սակայն, լինելու է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը եւ ընտրելու է վարչապետին` նոր սահմանադրությամբ երկրի փաստացի ղեկավարին: ՀՀ-ում վարչապետի ընտրությունները նախատեսված են ապրիլի 16-ին:
Երկու երկրներում էլ այդ ընտրությունների ելքը կանխատեսելի է. Ադրբեջանում երկրի ղեկավար կմնա Իլհամ Ալիեւը, Հայաստանում` Սերժ Սարգսյանը: Այնպես որ, երկու երկրների իշխանություններից այլեւս ժամանակ չի պահանջվի` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ծանոթանալու, ըստ այդմ հունի մեջ մտնելու համար:
Ընդհակառակը, իշխանության վերջնական վերաձեւավորումից հետո նրանք առավել քան լայն թափով պետք է լծվեն բանակցային գործընթացին: Այլապես հազիվ թե Ալիեւն Ադրբեջանում արագացներ նախագահի ընտրությունները: Տրամաբանությունը հուշում է, որ այս քայլին նա գնացել է միջազգային հանրության, մասնավորապես Ռուսաստանի հորդորով, որպեսզի ստիպված չլինեն սպասել մինչեւ հոկտեմբեր: Մանավանդ, հիշեցնենք, մարտի 18-ին էլ նախագահական ընտրություններ են լինելու նաեւ Ռուսաստանում եւ կրկին շատ կանխատեսելի ելքով: Եւ Վլադիմիր Պուտինն իշխանության վերահաստատվելուց հետո ձեռնամուխ է լինելու ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին բավական լայն թափով: Ի վերջո, ՌԴ-ն իր ազդեցության սահմաններն ընդլայնել է մինչեւ Պարսից ծոց, եւ չէր ցանկանա այդ ընթացքում Կովկասում ունենալ թեժ կետ: