Բրեժնևյան ժամանակներ. կոչումներ շնորհելն էլ տվեցին վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, որով ապրիլից հետո հերթական արտոնություններն են տրվելու վարչապետին: Քանի որ ՀՀԿ-ականներն արդեն անթաքույց հայտարարում են, որ հենց Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ եւ նա անփոխարինելի է, ապա ակնհայտ է, որ այդ բոլոր արտոնություններն ու լիազորությունները փոփոխվում են հանուն նրա:

«Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու հարցով առաջարկվում է պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավունքը վերապահել վարչապետին, Ազգային ժողովին, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահներին, իսկ նախագահն էլ այդ միջնորդությունը միայն պետք է հաստատի։

Ընդ որում, եթե Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը իրավասու են իրենց գործունեության ոլորտներին առնչվող անձանց պարգեւատրելու կամ կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես գալ, ապա վարչապետը իրավասու է միջնորդությամբ դիմելու Հանրապետության նախագահին բոլոր պետական պարգեւների եւ կոչումների վերաբերյալ։

Վերջին շրջանում Ազգային ժողովը կարծես միայն զբաղված լինի հենց ապագա վարչապետի համար նոր լիազորություններ տալով: Սակայն յուրաքանչյուր անգամ իշխանության ներկայացուցիչները սկսում են հեքիաթներ պատմել եւ արդարանալ, թե այդ փոփոխությունները կոնկրետ անձի համար չեն, այլ բխում են Սահմանադրությունից: Երեկ պատասխանելով այն դիտարկմանը, որ հերթական լծակն է վերցվում երկրի նախագահի ձեռքից, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կրկին արդարացավ, որ այս փոփոխությունները կատարվում են` օրենքները Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար։ Միայն թե իրականությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում:

Հետաքրքիրն այն է, որ ՀՀ Սահմանադրության 136 հոդվածում ամրագրված է, որ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ՀՀ նախագահը պարգեւատրում է ՀՀ շքանշաններով եւ մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ: Հետաքրքիրն այն է, որ եթե նույնիսկ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը չընդունի ապագա վարչապետի կողմից ներկայացված միջնորդությունը, միեւնույն է՝ այն օրենքի ուժով ընդունվել է, հետեւաբար այդ դիմելը սիմվոլիկ բնույթ է կրում: Իհարկե, նախագահն իրավունք ունի ըստ Սահմանադրության վիճարկել որոշումները, բայց դժվար թե Հայաստանում այդ պրակտիկան գործի:
Այն, որ վարչապետին տրվում են պետական պահպանության ծառայությունը, ներում շնորհելու իրավունքը, անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը, տրամաբանական է, սակայն առաջին հայացքից անմեղ թվացող պետական պարգեւների շնորհումը եւս վարչապետին տալն արդեն ավելորդություն է:

Փաստենք, որ սա ավելի շատ անգլիական թագուհու կարգավիճակն ունեցող նախագահի լիազորություն կարելի էր թողնել, մանավանդ որ Սահմանադրությամբ այդպես ամրագրված է: Սակայն այս հարցը եւս վարչապետի տիրապետությանը թողնելն իր նպատակներն ունի: Գաղտնիք չէ, որ պետական պարգեւներ կամ կոչումներ Սերժ Սարգսյանը տալիս է ՀՀԿ-ին սատարող կամ նրա գովքն անող անձանց: Նույնը նաեւ ժողովրդական կամ վաստակավոր արտիստ կոչումների դեպքում է: Դժվարությամբ կարող ենք Սարգսյանի պարգեւատրածների թվում տեսնել ընդդիմադիր գործչի, ով քննադատում է նրանց եւ արժանացել է որեւէ կոչման: Այլ հակառակը` պարգեւատրվում են միայն այն մարդիկ, ում ակտիվորեն կարող ենք տեսնել ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ երգելիս կամ այն վարելիս: Տարիների ընթացքում ՀՀԿ-ին գովելու եւ նրանց մասին միայն «պուպուշ» խոսքեր ասելու համար էլ այդ նույն մարդիկ տարիներ անց արժանանում են կոչման: Եվ գաղտնիք չէ նաեւ, որ ոչ մեկ անգամ Սերժ Սարգսյանի կողմից տրված կոչումները հասարակական դժգոհության ալիք են բարձրացրել, սակայն դա չի խանգարում նրան շարունակել այդպես վարվել եւ դեռ ավելին` այդ մենաշնորհն էլ իրեն վերագրել:

Հավելենք, որ սա էլ ամենը չէ. Հայաստանում հատուկ կացության կարգավիճակ շնորհելու կամ նման կարգավիճակի շնորհումը մերժելու լիազորությունը եւս տրվելու է հանրապետության վարչապետին:

Հ.Գ. Տրամաբանական է, երբ վարչապետին են տրվում պետության կառավարման, անվտանգության ապահովման հետ կապված լիազորություններ: Սակայն պետական պարգեւներ եւ կոչումներ շնորհելու լիազորությունների մեջ վարչապետին խառնելը, մեղմ ասած, անհասկանալի է, չնայած հիշեցնում է բրեժնեւյան ժամանակները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս