Արմեն Սարգսյանը, ում ԱԺ-ն մարտի 2-ին ընտրեց ՀՀ նախագահ, այս օրերին բացակայում է Հայաստանից: Նրա գրասենյակից երեկ հայտնել են, թե Արմեն Սարգսյանը որպես ՀՀ ընտրված նախագահ իր առաջին ոչ պաշտոնական այցն է կատարել Միացյալ Թագավորություն եւ արդեն շաբաթվա վերջ կվերադանա:
Իշխանություններն իրոք անուղղելի են. որոշել են ստի, կեղծիքի, իրականությունը խեղաթյուրելու քաղաքականությունը շարունակել նաեւ Արմեն Սարգսյանի դեպքում, այն էլ՝ դեռ պաշտոնական պարտականությունները չստանձնած:
Սկսենք նրանից, որ Արմեն Սարգսյանը դեռեւս հանդիսանում է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը դեռ չի ստորագրել նրան դեսպանի պաշտոնից ազատելու հրամանագիրը: Հետեւաբար նրա մեկնելը Լոնդոն ներկայացնելը որպես «ընտրված նախագահի առաջին ոչ պաշտոնական այց», մեղմ ասած, կեղծիք է:
Ընդ որում, նա ընդհատումներով Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն է եղել շատ երկար ժամանակ՝ բոլոր երեք նախագահների օրոք: Այդ պաշտոնը զբաղեցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, Ռոբերտ Քոչարյանի օրոք, հիմա էլ Սերժ Սարգսյանի օրոք: Նա Միացյալ Թագավորությունում բնակվել է անգամ այն ժամանակ, երբ Քոչարյանն ազատել էր աշխատանքից` իր դեմ ներիշխանական դավադրության մասնակից լինելու համար արգելելով մուտքը Հայաստան:
Վտարանդիության տարիներին Արմեն Սարգսյանը հասցրել էր նաեւ Միացյալ Թագավորության քաղաքացի դառնալ. 2002-2011 թթ. նա եղել է այդ երկրի քաղաքացի: Չնայած խորհրդարանում իր ընտրության ժամանակ նա այդպես էլ չներկայացրեց Միացյալ Թագավորությունների քաղաքացիությունից հրաժարվելու մասին բավարար ապացույցներ` այդպես օդում կախված թողնելով կասկածները: Այնպես որ, դժվար չէ կռահել՝ նա Լոնդոն է վերադարձել` ընդամենը անձնական գործերը կարգավորելու համար: Ի վերջո, այս տարիներին Արմեն Սարգսյանը նաեւ անձնական բիզնեսներ է հիմնել այնտեղ:
Հետո մեկ փաստ էլ. Արմեն Սարգսյանը դեռ չի ստանձնել նախագահի պաշտոնը. այդ արարողությունը նախատեսված է ապրիլի 9-ին, եւ նա շարունակում է մնալ որպես ՀՀ դեսպան: Եւ ուրեմն՝ նա չէր կարող որպես ՀՀ ընտրված նախագահ թեկուզ եւ ոչ պաշտոնական այց կատարել որեւէ երկիր:
Այնպես որ, նրա PR-ով զբաղվողները ճիշտ կանեին, եթե իրերն իրենց անուններով կոչեին` բացակայությունը մեկնաբանելով նրանով, որ Սարգսյանը մեկնել է անձնական գործերով: Առավել եւս, երբ Արմեն Սարգսյանի վրայից չի մաքրվել քաղաքացիության հետ կապված կեղծիքի, նաեւ նրա ընտրվելու եղանակի հակասահմանադրականության, հետեւաբար լեգիտիմության կասկածները: