Շիրակի մարզի Ամասիա գյուղը հայտնի է իր խստաշունչ և տևական ձմեռներով: Առատ տեղումների և հաճախակի արձանագրվող ձնաբքի պատճառով, արևմուտքից Թուրքիային, իսկ հյուսիսից Վրաստանին սահամանկից բնակավայրն ամիսներ շարունակ «մեկուսանում է» աշխարհից: Այդ ժամանակահատվածում անօգուտ են դառնում նաև բնակիչների՝ գյուղական առօրյան փոքր-ինչ հետաքրքիր դարձնելու փորձերը:
Գյուղի դպրոցում սովորում է 180 աշակերտ: Բացահայտող, խելացի, վերլուծող սերունդ կրթելու համար, մանկավարժները ներդնում են անհրաժեշտ ջանքեր: Գյուղական գրադարանից օգտվելը կամ Գյումրի մեկնելը, փակ ճանապարհների պատճառով, ոչ միշտ է հնարավոր լինում: Աշակերտների համար աշխարհի հետ հաղորդակցվելու և զարգացումներից չկտրվելու արդարացված միջոցը մնում է համակարգչային հաղորդակցությունը:
Դպրոցի ինֆորմատիկայի դասարանը համալրվել է տասը նոր համակարգչով: Առարկան նոր հնարավորություններով ուսումնասիրող աշակերտներն սկսել են մեծ հետաքրքրություն դրսևորել: Դասավանդող ուսուցչի՝ Անուշ Աղայանի գնահատմամբ, դասապրոցեսն առավել արդյունավետ է դարձել և շատերի համար կարող է մասնագիտական կրթության հիմք դառնալ:
«Ուսումնական գործընթացի աշխուժացմանն ուղղված գործնական քայլերն արդեն ցանկալի արդյունք են տվել. մեծացել է առարկայի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը, բարձրացել է կրթության որակը: Այս նվերը մեծ անակնկալ էր մեզ համար: Հարգանքի է արժանի այն անձնավորությունը, ով կարևորում է կրթությունը»,- ասել է դպրոցի տնօրեն Կարինե Հարթենյանը:
Ամասիայի միջնակարգ դպրոցը 10 նոր համակարգիչ է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նվիրատվության շնորհիվ: