Ինչո՞ւ դատախազությունը հրաժարվեց հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին. պատճառը Սարգսյան-Քոչարյան անքակտելի կա՞պն էր. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը վերջապես արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու մասին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումին: Երեկ դատախազությունը (թեեւ խոստացել էր մեր հարցերին պատասխանել) հաղորդագրություն տարածեց, թե Փաշինյանը Մարտի 1-ի դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ չունի: «Վերոգրյալից հետեւում է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու եւ համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են»:

Դատախազությունից այլ պատասխան, թերեւս, դժվար էր ակնկալել: Պատճառը պարզ է՝ Արթուր Դավթյանի ղեկավարած կառույցն այդքան քաջություն չունի օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունները լիարժեք իրականացնելու, ըստ այդմ, Քոչարյանին հարցաքննության կանչելու համար: Ու սա պարզ էր ի սկզբանե. իրավապահ համակարգը, այդ թվում՝ դատախազությունը, օրվա իշխանությունների խամաճիկն են, այնպես որ, չեն գնա Մարտի 1-ի էջը վերաբացելու, ըստ այդմ, Քոչարյանին հարցաքննելու ճանապարհով:
Դա կանեն միայն մեկ դեպքում՝ եթե լինի Սերժ Սարգսյանի համապատասխան հրահանգը: Իսկ Սերժ Սարգսյանը, ինքներդ եք հասկանում, երբեք ու երբեք նման հրահանգ չի տա, քանի որ ինքն ու Քոչարյանն անբաժանելի կապով կապված են ոչ միայն Մարտի 1-ի գործի, այլեւ շատ ուրիշ իրադարձությունների շրջանակներում: Ուստի Քոչարյանին հարցաքննության կանչել, նշանակում է՝ նաեւ ցուցմունքներ կորզել Սերժ Սարգսյանի վերաբերյալ. ի վերջո, այդ օրերին Սարգսյանը վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում, եւ ընտրակեղծիքներն ու դրան հաջորդած բռնություններն արվեցին նրա համար դեպի նախագահի պաշտոն ճանապարհ հարթելու նպատակով:

Դատախազությունը, իհարկե, մեր այս տեսակետը կարող է հերքել գործնականում, եթե Մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու ուղղությամբ կոնկրետ քայլեր անի: Քայլերն էլ պարզ են. ըստ նրանց` Փաշինյանը Մարտի 1-ի գործով չունի «քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ»: Փոխարենը այս գործով համապատասխան կարգավիճակ ունեն Մարտի 1-ի զոհերի հարազատները՝ որպես տուժողի իրավահաջորդ: Ուրեմն դատախազությունը կարող է հանձնարարել ՀՔԾ-ին Քոչարյանին հարցաքննել, օրինակ, եթե Մարտի 1-ի զոհերի ծնողները համապատասխան միջնորդություն ներկայացնեն: Եթե համապատասխան միջնորդությունից հետո չանեն այդ քայլը, նշանակում է` հիմնավոր են կասկածները, որ իրավապահ համակարգն անկախ չէ:




Լրահոս