«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը շարունակում է հետեւողականորեն մեկուսանալ տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերից: Երեկ տեղի է ունեցել տարածաշրջանի չորս պետությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, իսկ քննարկման հիմնական թեման եղել է «Հարավ-Արեւմուտք» տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը: Մասնավորապես նախատեսված է ստեղծել 5311 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք, որը հնարավորություն կստեղծի բեռներ տեղափոխել Հնդկաստանից Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ` անցնելով Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի տարածքով:
Այլ կերպ ասած` Հայաստանի անմիջական հարեւան երկրները տրանսպորտային հաղորդակցության ընդլայնման ուղղությամբ ծրագրեր են կազմում` փորձելով կապել արեւելքն ու արեւմուտքը: Բայց արի ու տես, որ այդ համագործակցության արդյունքում գնալով ավելի ու ավելի է խորանում Հայաստանի մեկուսացումը. ի վերջո, տնտեսական այդ ծրագրերը շրջանցում են մեր երկիրը` դրանից բխող բացասական հետեւանքներով հանդերձ: Իսկ թե ՀՀ-ն ինչ է այս ամենին հակադրում, բացի հարեւան պետություններին չարախնդալուց եւ ԵԱՏՄ-ի անդամ լինելով ԵՄ-ի հետ համագործակցելու մասին հեքիաթներ պատմելուց, պարզ չէ:
Համենայն դեպս, ՀՀ-ն չի փորձել հարեւան երկրներից թեկուզ Վրաստանի եւ Իրանի հետ, որոնց հետ ունի բարիդրացիական հարաբերություններ, որեւէ նման ծրագիր իրականացնել: Իսկ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին, որի շինարարությունն ընթանում է տեւական ժամանակ, նույնիսկ առաջիկա տարիներին չի պատրաստվում ավարտվել: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու Հայաստանի տնտեսական մեկուսացման խնդրին: Նաեւ տեղեկացրել ենք, որ նախորդ տարի էլ շահագործման հանձնվեց Կարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղին: Ու հիմա սրա կողքին առաջիկայում ականատես կլինենք եւս մեկ տրանսպորտային միջանցքի:
Եւ ակնհայտ է` Հայաստանը կշարունակի տարածաշրջանային ծրագրերից մեկուսանալ, քանի դեռ չի լուծվել ԼՂ հիմնահարցը, քանի դեռ չի հաստատվել խաղաղություն, եւ հարեւան պետությունները չունեն բարիդրացիական հարաբերություններ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: