Իշխանությունները` Սրեժ Սարգսյանի գլխավորությամբ, սահմանադրական փոփոխությունների գործընթացը նախաձեռնելուց ի վեր փորձել են համոզել, թե խորհրդարանական կառավարման համակարգը կնպաստի երկրի զարգացմանը: Երեկ էլ Սերժ Սարգսյանը բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, խոսելով արդարադատության ոլորտի, մասնավորապես դատական համակարգի մասին, չի շրջանցել սահմանադրական փոփոխությունների թեման: Միայն թե, որքան էլ նա փորձել է շեշտել խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությունը, բայց եւ միաժամանակ ուշագրավ խոստովանությամբ է հանդես եկել. «Կիսանախագահական համակարգը որոշակի խնդիրներ լուծել է մեր երկրի զարգացման գործում, բայց հավատացեք՝ զարգացման համար այն լավագույնը չէ: Իհարկե, մենք մշտապես ասել ենք, այժմ էլ ասում ենք եւ ասելու ենք նաեւ հետագայում, որ երկիրը կարող է զարգացման մեծ թափ, մեծ տեմպ ունենալ կառավարման ցանկացած ձեւի պարագայում: Սա ճշմարտություն է, բայց ճշմարտություն է նաեւ այն, որ տասնամյակների փորձություն անցած մեխանիզմները կարող են նպաստել կամ խոչընդոտել այդ զարգացմանը»:
Սկսենք նրանից, որ այս ողջ ընթացքում իշխանություններն այդպես էլ որեւէ հիմնավոր փաստարկ չներկայացրին, թե կիսանախագահական եւ նախագահական համակարգն ինչո՞վ է խոչընդոտում երկրի զարգացմանը, կամ խորհրդարանական կառավարման համակարգն ինչո՞վ է ավելի արդյունավետ, ինչպե՞ս է նպաստելու դրական ընթացքին: Ու հավատացեք, որ նրանք չեն կարող ծանրակշիռ ներկայացնել, քանի որ երեկ նաեւ Սերժ Սարգսյանն է հայտարարել՝ «երկիրը կարող է զարգացման մեծ թափ, մեծ տեմպ ունենալ կառավարման ցանկացած ձեւի պարագայում»: Կարելի է ասել՝ աքսիոմատիկ ճշմարտություն է ասվածը, եւ դրանից հետո մնացած բոլոր խոսակցություններն անիմաստ են:
Ի վերջո, դա է ապացուցել պատմական փորձը, քանի որ երկրի զարգացումը կախված է ոչ թե կառավարման համակարգից, այլ կառավարման փիլիսոփայությունից, թե իշխանավարման ի՞նչ մեթոդ է ընտրել պետության ղեկին գտնվող ուժը: Այսինքն՝ եթե մի երկրում իշխանությունը լեգիտիմ չէ, անընդհատ ոտնահարվում է Սահմանադրությունը, խախտվում են օրենքները, անպատժելիության, ամենաթողության մթնոլորտ է, տնտեսական դաշտում մենաշնորհներ են, իսկ դատական համակարգը ոչ թե անկախ է, այլ կատարում է իշխանությունների պատվերը, կապ չունի` կառավարման ինչպիսի համակարգ է, միեւնույն է` այդ երկիրը դատապարտված է ձախողումների: Այնպես որ, իրականում Հայաստանում սահմանադրական փոփոխություններն ընդամենը մեկ նպատակ էին հետապնդում՝ օրենսդրական հիմքեր ստեղծել Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրման համար: