Ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակի վերաբերյալ ռուսական եւ ամերիկյան կողմի գնահատականները զարմանալի զուգադիպությամբ շատ նման են իրար:
ՌԴ-ի արտաքին հետախուզության ծառայության նախկին պետ Վյաչեսլավ Տրուբնիկովը վերջերս ԼՂ խնդրի մասին հայտարարել է, թե «Ղարաբաղյան հակամարտության պահպանումը սառեցված, ես անգամ կասեի՝ թեժ վիճակում շատ վտանգավոր է»։ Միաժամանակ, ըստ Տրուբնիկովի, պետք է գտնել ղարաբաղյան հարցի լուծման դիվանագիտական ուղին. այդ հարցի շուրջ պետք է լավ մտածի հայկական կողմը։ Ու այս գնահատականների համատեքստում ռուս գործիչը մեղադրանքներ է հնչեցրել Արեւմուտքի հասցեին` ընդգծելով, որ հակամարտության ներկա իրավիճակը հենց նրանց է ձեռնտու: «Արեւմուտքի համար ղարաբաղյան հակամարտությունը հետաքրքիր է հենց այդ առումով, քանի որ այն սառեցված չէ, ժամանակ առ ժամանակ կրակում են, ու, ցավոք, լինում են զոհեր»,- ասել է Տրուբնիկովը։
Հատկանշական է փաստը, որ տարեսկզբին էլ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսին Կոնգրեսին ներկայացրած զեկույցում խոսել էր ԼՂ խնդրում ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին: Նա նշել էր, թե ԼՂ խնդրում տիրող լարվածությունը կարող է հանգեցնել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, եւ որ դրան կարող է ներգրավվել նաեւ ՌԴ-ն: «Երկու կողմի՝ փոխզիջումների գնալու դժկամությունը, ներքին ճնշումների ահագնացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը եւ Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի ձեռքբերումը լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգ են պարունակում, որոնք կարող են բռնկվել 2018-ին»,- այս տարվա փետրվարին ասել էր Քոութսին:
Այլ կերպ ասած` նույն խնդրի մասին այսօր խոսում են ՌԴ-ն ու ԱՄՆ-ը, պարզապես խոսում են տարբեր կոնտեքստներով: ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն ամենատարբեր գործիչների մակարդակով հայտարարում են, որ ԼՂ խնդրում իրավիճակը շարունակում է մնալ պայթյունավտանգ: Սա որպես փաստ ընդունում են բոլորը: Ու այդ ամենից հետեւությունը մեկն է՝ Ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորումը խիստ անհրաժեշտություն է, եւ ձեռնտու է առաջին հերթին կողմերին:
Պարզապես այդքանից հետո նրանք փորձում են ստեղծված իրավիճակի համար մեղադրել միմյանց, երբեմն բաց տեքստով, երբեմն ակնարկներով` դե, սա էլ իրենց քաղաքական շահից ելնելով: