Իշխանությունները կառավարության ղեկավարի մակարդակով խաբեցին հասարակությանը. նախարարի ուշագրավ հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտարարությունը խոսուն էր: Նա անդրադարձել է Հայաստանում աշխատավարձի եւ կենսաթոշակների բարձրացման հնարավորությանը` ասելով, թե շատ վտանգավոր է այդ քայլին գնալը, քանի որ հետո կարող է պարզվել՝ հնարավոր չէ այդ գումարները վճարել, ու ստիպված կլինեն պարտքեր կուտակել: Արամյանը թվաբանական որոշ վերլուծություն է ներկայացրել, ըստ որի` միայն նվազագույն աշխատավարձը 5 հազար դրամով բարձրացնելու դեպքում բյուջեի վրա 30 մլրդ դրամի լրացուցիչ ծախս կավելանա: Այսքանից հետո Արամյանը շտապել է փափուկ բարձ դնել, թե «հնարավոր չէ ապագայում մենք չդիտարկենք թոշակների, աշխատավարձերի բարձրացումը, բնականաբար, դա ազդելու է ե՛ւ կենսամակարդակի, ե՛ւ աղքատության ցուցանիշի վրա: Մյուս կողմից` մենք պետք է գործողություններ պահենք եւ մեր դիտակետում պահենք, թե ինչպես ենք մենք դա ֆինանսավորելու»: Ըստ նրա` այդ հարցը իրենց ուշադրության կենտրոնում կլինի առաջիկա 3-4 տարիների ընթացքում:
Սկսենք նրանից, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքն էր մեկ տարի առաջ հեռուստահարցազրույցներից մեկի ժամանակ խոստացել 2018 թվականից բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները, բայց հիմա կառավարության անդամները դեմքի հրեշտակային արտահայտությամբ արդարանում են՝ «փող չկա»: Այսինքն՝ իշխանությունները կառավարության ղեկավարի մակարդակով պարզապես խաբել են հասարակությանը:

Բայց Արամյանի երեկվա հայտարարություններն ուշագրավ էին այն առումով, որ ֆինանսների նախարարը անուղղակի խոստովանել է՝ վստահ չեն, որ կկարողանան նախատեսված չափով ապահովել բյուջեի մուտքերը` ըստ այդմ, ապահովելով ծախսերը: Ի վերջո, թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման որոշում կայացնելուց առաջ կառավարությունը պետք է իմանա, թե որտեղից կարող է տրամադրել համապատասխան գումարները: Ու եթե կառավարությունը որոշում է ավելացնել ծախսերը, նշանակում է՝ գտել է նաեւ ֆինանսական միջոցները: Մինչդեռ երեկ Արամյանը նշել է, թե սա ռիսկային է` չբացառելով, որր միգուցե չկարողանան վճարել: Իսկ չեն կարողանա բյուջեն չհավաքագրելու դեպքում: Այսինքն՝ ամեն րոպե առկա է ֆինանսական կոլապսի հավանականությունը:
Եւ վերջապես, Արամյանը խոստացել է այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում պահել առաջիկա 3-4 տարիների ընթացքում: Ժողովրդական խոսքով ասած. «Մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա»: Ի վերջո, չպետք է մոռանալ տարեկան նվազագույնը 4 տոկոս գնաճի մասին, եւ ահա չնայած գնաճին` քաղաքացիների եկամուտներն այդպես էլ չեն ավելանալու առնվազն 3-4 տարիների ընթացքում: Թե դրանից հետո ի՞նչ կլինի, ոչ ոք չի կարող ասել:




Լրահոս