Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որում առաջարկել է լրացուցիչ կանոնակարգումներ մտցնել հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման խնդրում: Ըստ այդմ, օպերատիվ-հետախուզական մարմինները դատական ակտի պարագայում իրավունք են ստանում հսկել նաեւ անուղղակի կապ ունեցող հեռախոսահամարների խոսակցությունները: Ու հիմա նախագծում առաջարկվում է սահմանափակում մտցնել, թե այդ հսկողությունը պետք է լինի ոչ թե ցանկացած քրեական հանցագործության պարգայում, այլ եթե խոսքը վերաբերում է միայն ահաբեկչությանը, կամ ՀՀ պետական, ռազմական անվտանգության դեմ հանցագործությունների կանխմանը կամ բացահայտմանը:
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե կառավարությունը փորձել է որոշակի սահմաններ գծել օպերատիվ-հետախուզական գործունեությամբ զբաղվող մարմինների համար` թույլ չտալով, որ ամեն մի հանցագործության դեպքում վերահսկեն անուղղակի կապ ունեցող հեռախոսահամարների խոսակցությունները:
Բայց արի ու տես, որ չնայած այս ձեւակերպումներին, կարող են անարգել գաղտնալսվել ընդդիմադիր գործիչների ու նրանց հետ ուղղակի եւ անուղղակի առնչություն ունեցող քաղաքացիների հեռախոսները: Ի վերջո, իրավապահները հեշտությամբ կարող են ընդդիմադիրների գործունեությունը որակել որպես պետության անվտանգության դեմ հանցագործության նախապատրաստություն, եւ իբր դրանք կանխելու համար օրենքով սահմանված կարգով վերահսկողություն սահմանեն:
Այդ երեւույթի դառը փորձն ունենք. 2008թ. նախագահի ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամների հեռախոսազրույցները դատարանի որոշմամբ գաղտնալսվել էին: Իսկ որպես պատրվակ նշվել էր, թե ընդդիմադիրներն իբր պետության անվտանգության դեմ հանցագործություններ, պետական հեղաշրջում են նախապատրաստում: Ընդդիմադիրների «հանցագոծությունն» էլ, հիշում եք, հետընտրական բողոքի ցույցերն էին՝ Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքները, որն իշխանությունները որակել էին պետական հեղաշրջման նախապատրաստվելու փորձ: Այս բոլոր փաստերը բացահայտվեցին Մարտի 1-ի գործի շրջանակներում:
Դրանից հետո կարելի է վստահաբար պնդել, որ իշխանությունները նույնկերպ վարվել են նաեւ հետագայում ընդդիմադիր մյուս գործիչների նկատմամբ, քաղաքական լարված իրավիճակներում: Դե, իրենց գործողություններն էլ պատճառաբանել են, թե իբր նպատակ են ունեցել կանխել պետության անվտանգության դեմ հանցագործությունները: Ճիշտ եւ ճիշտ Օրուելի հայտնի «1984» վեպի նմանությամբ: