Վազգեն Խաչիկյանին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ, 12 տարվա ազատազրկման դատապարտված, բայց հինգ տարի անց Սերժ Սարգսյանի կողմից ներում ստացած Վազգեն Խաչիկյանի դեմ դատական հայց է ներկայացրել «Եգոր սիստեմ» ՍՊԸ-ն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավաբանական ծառայություն մատուցող այս ընկերությունը, որի տնօրենն է փաստաբան Տիգրան Եգորյանը, Խաչիկյանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով 300 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ ՍՊԸ-ն սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի աղմկահարույց չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրավաբանական ծառայություն է մատուցել, սակայն վերջինս չի վճարել ծառայության դիմաց` այդպես «քցելով» փաստաբաններին:

Մեզ հայտնի դարձավ, որ «Եգոր սիստեմ» ՍՊԸ-ն միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Խաչիկյանի գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դրվի, սակայն դատավոր Աիդա Դավթյանը մերժել է միջնորդությունը: Հիշեցնենք, որ Խաչիկյանը մոտ 290 մլն դրամ կենսաթոշակի յուրացումների համար 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն կալանավայրում 5 տարի անցկացնելուց հետո ազատ արձակվեց: Այդ ընթացքում Խաչիկյանի դեմ դատարան էր դիմել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը` որպես նրա յուրացրած գումարի փոխհատուցում պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել` փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը:

 




Լրահոս