Ոստիկանությունը 50 հազար դրամով «Վազ 21061» է վաճառում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը առաջիկայում վաճառքի է հանելու ոստիկանության հաշվեկշռում գտնվող ավելի քան 50 ավտոմեքենաներ։ Դրանց առաջին աճուրդը տեղի կունենա ապրիլի սկզբին։

Այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վաճառքի կհանվի ինչպես արտասահմանյան, այնպես էլ խորհրդային տարիների արտադրության ավտոմեքենաներ։ Օրինակ` վաճառքի կհանվի 2007-2009 թվականների արտադրության «Տոյոտա-Կոռոլլա» մակնիշի 15 հատ ավտոմեքենա։ Դրանց գնահատված եւ մեկնարկային արժեքը սկսվում է 90 հազար դրամից մինչեւ 500 հազար դրամ։ Բնականաբար, յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո հաջորդող աճուրդին ավտոմեքենաների արժեքը նվազում է 10 տոկոսի չափով։ Նշենք, որ ոստիկանության «Տոյոտա-Կոռոլլա»-ների աճուրդները կայանալու են 4 անգամ, վերջինը՝ հունիսի 6-ին։ Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ դրանք շահագործման ենթակա չեն։ Այդ պատճառով էլ էժան են գնահատվել։ Մյուս կողմից նման՝ շահագործման համար ոչ պիտանի ավտոմեքենաները հիմնականում ձեռք են բերում ավտոպահեստամասերի համար։ Բացի այս` ոստիկանությունը աճուրդի է հանելու նաեւ 1997 թվականի արտադրության «Ինֆինիտի»՝ 380 հազար դրամ մեկնարկային արժեքով։ Նաեւ վաճառքի կա 1993 թվականի արտադրության, 50 հազար դրամ արժեքով «Վազ 21061»։

Իսկ ահա 1998 թվականին արտադրված «Կիա»-ն գնահատվել է 250 հազար դրամ։ Եթե այն ապրիլի 16-ին չվաճառվի վերոնշյալ արժեքով, ապա մայիսի 2-ին կունենա 200 հազար դրամ գինը։ Օրինակ` 1995 թվականի արտադրության «Վազ 21061»-ը գնահատվել է 50 հազար դրամ, բայց չվաճառվելու դեպքում 4-րդ աճուրդին վաճառքի կհանվի 25 հազար 600 դրամով։ Այս ավտոմեքենաները եւս խնդիրներ ունեն եւ շահագործման գրեթե ենթակա չեն։ Ասել է, թե պետական գույքի կառավարման վարչությունը փորձում է ազատվել ոստիկանության անպետք իրերից։ Կհաջողվի՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Բայց չի բացառվում, որ ոստիկանությունը այդ ընթացքում կփորձի այս ավտոմեքենաները փոխարինել նորերով՝ պետական միջոցները օգտագործելով։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս