Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրն իսկապես պատուհաս է դարձել Հայաստանի կառավարության գլխին: Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս ծրագիրը Հայաստանի դեպքում տնտեսապես շահավետ չէ, ընդհակառակը, այն ֆինանսական միջոցների անտեղի վատնում է ենթադրում, առավել եւս, երբ այդ գումարի մի մասը վարկերն էին: Բայց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ համատեղ, «երկու ոտքը մեկ կոշիկ դրած», պնդեց ծրագրի իրականացման անհրաժեշտությունն, ու սկսեցին շինարարությունը: Բայց կարճ ժամանակ անց պարզվեց՝ իշխանության ամենավերին օղակներն այս ծրագիրը ձեռնարկելով` փորձում էին ընդամենը լուծել իրենց գերհարստացման խնդիրը. ի վերջո, այդ ծրագիրն ատկատի գրեթե անսպառ աղբյուր էր: Շինարարությունը վստահվեց իսպանական ընկերությանը, որի հետ որոշակի առնչություն ուներ Տիգրան Սարգսյանը:
Ավելի ուշ նրան հաջորդած վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը, իսպանական ընկերությանն անվանել էր չարիք, դժգոհություն հայտնել ծրագրի կառուցման ընթացի եւ որակի մասին, մանավանդ, որ ՎՊ-ն էլ իր հերթին էր լուրջ չարաշահումներ եւ որակական չափանիշներից շեղումներ բացահայտել: Այս ծրագրից իր վարչապետության մոտ մեկ ու կես տարվա ընթացքում բազմաթիվ դժգոհություն է հայտնել նաեւ Կարեն Կարապետյանը: Բայց հիմա նա էլ փորձում է այս ծրագրում ռուսական ընկերությանը ներգրավել: Երեկ Կարապետյանն ընդունել է ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Ռոմաշովի գլխավորած պատվիրակությանը, նրանք քննարկել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման հարցը: Կողմերը պայմանավորվել են ստորագրել արձանագրություն՝ աշխատանքային խումբ ու կոմիտե ստեղծելու եւ ծրագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը դրանց շրջանակում քննարկելու նպատակով: Ասել է, թե նրանք դեռ որոշելու եւ քննարկելու են հետագա քայլերը: Իսկ թե ե՞րբ, ի վերջո, կավարտվի այդ ծրագրի կառուցումը, անհայտ է:
Ի դեպ, չնայած Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի անմխիթար վիճակին, նկատենք՝ այլեւս նահանջի ճանապարհ չկա. հնարավոր չէ կիսատ թողնել ծրագիրը: Ընդհակառակը, Հայաստանը պատրաստվում է ավելացնել ֆինանսավորումը, քանի որ նորանոր միջոցներ է այն պահանջում: Եթե ի սկզբանե հաշվարկված էր, որ այս ծրագիրը կարժենա 970 մլն դոլար, հիմա արդեն խոսվում է 2 մլրդ դոլարի մասին: Համաձայնեք` բավական տխուր վիճակ է: