ԻՍԿ ՀԵՏՈ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից  իշխանությանը ներկայացված տասնհինգ  կետանոց պահանջագրի կատարման համար ՀԱԿ-ը իշխանություններին ժամանակ էր տվել մինչեւ մարտի 15-ը: Այսօր արդեն մարտի ինն է, ասել է թե` ընդդիմության նշած վերջնաժամկետի կեսից ավելին անցել է, սակայն  ընդդիմության ներկայացրած պահանջներից  եւ ոչ մեկի ուղղությամբ իշխանությունները  որեւէ քայլ չեն  արել: Ավելին, հաշվի առնելով այդ կապակցությամբ Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչների հնչեցրած կարծիքները` կարելի է վստահ ասել, որ իշխանություններն  անգամ իմիտատիվ քայլերի չեն պատրաստվում գնալ: Ասել է թե` առաջիկայում ընդդիմությունը ստիպված է լինելու կա՛մ  ի կատար ածել վճռական գործողությունների դիմելու իր խոստումը, կա՛մ հերթական անգամ հայտնվել  անհարմար վիճակում` արդյունքում էլ ավելի մեծացնելով  իրենց պասսիվությունից դժգոհող ու հուսախաբվող մարդկանց թիվը: Հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայ ազգային կոնգրեսը 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած երեք տարիների ընթացքում,  ըստ էության,  առաջին անգամ է հանդես գալիս նման հստակ վերջնագրով, կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ-ն, այնուամենայնիվ, մանրակրկիտ կերպով հաշվարկել է սեփական գործողությունների ծրագիրն ու արդյունքում հենց այս փուլում է նպատակահարմար համարել անցնել կտրուկ գործողությունների: Դրա համար, ինչ խոսք, կան մի քանի նպաստող գործոններ` ի դեմս արաբական աշխարհում  տեղի ունեցող հեղափոխությունների եւ երկրում ստեղծված աննախադեպ ծանր սոցիալական իրավիճակի: Սակայն մյուս կողմից էլ պետք է նկատել, որ  նմանատիպ գործոններ  նախկինում էլ են առկա եղել, ինչը, սակայն, ամենեւին չի խանգարել, որպեսզի իշխանությունները կարողանան  ուժային մեթոդներով  լռեցնել բողոքող ժողովրդին ու բարեհաջող կերպով շարունակել իրենց հակասոցիալական քաղաքականությունը: Ուստի, բացի նշված գործոններից, ընդդիմությունը պետք է որ իր զինանոցում ունենա նաեւ այլ հզոր խաղաքարտ: Իսկ այդպիսին կարող է լինել միայն գերտերությունների աջակցությունը: Ունի արդյոք ՀԱԿ-ն այդ խաղաքարտը, թե ոչ` դժվար է ասել: Չի բացառվում, որ դրա առկայությունը պայմանավորված էր նաեւ Սոչիում կայացած Մեդվեդեւ-Ալիեւ-Սարգսյան  եռակողմ հանդիպման ելքով: Սակայն  դատելով այդ հանդիպման արդյունքից` կարելի է ենթադրել, որ ընդդիմությունն առաջիկայում ստիպված է լինելու հերթական անգամ բախվել իշխանությունների  ռեպրեսիվ մեթոդներին եւ դրանք իրենց լռությամբ  վավերացնող միջազգային կազմակերպությունների անփոփոխ պահվածքին: Սակայն այդ ամենը նկատի ունենալով հանդերձ` առաջիկայում  ընդդիմությունը պարզապես  դատապարտված է լինել վճռական, քանի որ հակառակ դեպքում կարող է կորցնել  այն միակ քաղաքական կապիտալը, որն այսօր ունի` ժողովրդի վստահությունը: 




Լրահոս