Հարց քաղաքացիներից` ո՞րն է ավագ շաբաթի խորհուրդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.Պահքի այս շրջանում տեղյակ եմ, որ յուրաքանչյուր օր ունի իր խորհուրդը: Հետաքրքիր է իմանալ` ո՞րն է ավագ շաբաթի խորհուրդը:

Նելլի Հարությունյան (29 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հարությունյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ շաբաթը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը` օրհնությամբ ու սրբությամբ: Շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը եւ հանգիստը գերեզմանում: Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը` դժոխքը, ավերեց եւ բացեց հանգստյան տունը` Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա եւ արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը` հավիտենական հանգիստը:
Ըստ Եկեղեցական կարգի` երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Թեեւ Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան:
Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը` այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը եւ ավետելով Նրա հարությունը մեռելներից:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ Ծաղկազարդին հաջորդում է Մեծ Պահքի վերջին շաբաթը: Այն ավարտվում է Սուրբ Հարության տոնով (Զատիկ), որի ընթացքում հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքները, խաչելությունը եւ թաղումը: Ի դեպ, Ավագ Շաբաթի բոլոր օրերի անվանը նախորդում է «ավագ» բառը (Ավագ Երկուշաբթի, Ավագ Երեքշաբթի, եւ այլն):

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:   

 




Լրահոս