Իշխանությունները` ցույց տալու համար, որ Հայաստանում պայքարում են կոռուպցիայի դեմ, հերթով օրենքներ են ընդունում: Սկզբում իշխանությունները քրեականացրին ապօրինի հարստացումը: Նաեւ օրենսդրական պահանջ կա, որ պաշտոնյաները ներկայացնեն գույքի եւ եկամուտների հայտարարագիր: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը շրջանառության մեջ է դրել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Ըստ այդմ, գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր են ներկայացնելու ոչ միայն պաշտոնյաները, այլեւ նրանց ընտանիքի անդամները: Ընդ որում, նախագծի համաձայն` պաշտոնյաների ընտանիքի անդամները պատասխանատվություն են կրելու հայտարարագիր չներկայացնելու կամ այնտեղ կեղծ տեղեկություններ գրելու, ըստ այդմ՝ ունեցվածքը թաքցնելու համար: ԱԺ փոխնախագահը, անշուշտ, լավ առաջարկ է ներկայացրել: Ու պետք է նկատենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով Հայաստանում օրենսդրությունն իրոք բարելավվում է:
Միայն թե, օրենսդրական դաշտի ստեղծումը դեռ բավարար չէ կոռուպցիայի դեմ պայքարելու համար. շատ ավելի կարեւոր է ընդունված օրենքները հավասարաչափ կիրառելը: Եւ հենց այստեղ է, որ Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն խփում, մեղմ ասած:
Ի վերջո, կարելի է ընդունել հակակոռուպցիոն բնույթի ամենատարբեր օրենքներ` սահմանելով խիստ պատիժ:
Կարելի է պարտադրել, որպեսզի ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաները, այլեւ անգամ պետական համակարգում աշխատող հավաքարարները հայտարարագրեր ներկայացնեն, այն էլ իրենց ողջ ազգուտակով: Բայց եթե որեւէ մեկը չի հետեւելու այդ օրենքների կիրառմանը, ապա իրավական ակտերը դառնում են անիմաստ: Նույնն է նաեւ այս դեպքում. եթե համապատասխան լիազոր մարմինը չի հետեւելու պաշտոնյայի կամ նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերի իսկությանը, չի ստուգելու դրանցում առկա տեղեկությունները, ապա արդեն կապ չունի՝ օրենքում ինչ է գրված: Հայաստանյան իրականությունը, ցավոք, այս հարցում ստիպում է մռայլ կանխատեսումներ անել Օրուելի հայտնի խոսքերով. «Բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»: Այնպես որ, կոռուպցիայի դեմ պայքարի համար նախ եւ առաջ անհրաժեշտ է քաղաքական կամք, եւ միայն այդ կամքի առկայության դեպքում կարելի է ակնկալել դրական տեղաշարժեր: