Հայաստանի իշխանությունները երեկ հերթական դիվանագիտական ապտակը ստացան: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում խոսելով Եվրամիության հետ վիզաների ազատականացման մասին` ասել է, թե այդ հարցի շուրջ պայմանավորվելու առումով Հայաստանը ճիշտ ուղով է ընթանում: Միաժամանակ նա հավելել է, որ եթե Հայաստանը շարունակի ընթանալ ճիշտ ուղով, ապա «օրը կգա, եւ վիզաները կազատականացվեն»: Ասելբոռնը նաեւ մանրամասնել է, թե «ճիշտ ուղի» ասելով ի՞նչ նկատի ունի. Հայաստանը բավական ջանքեր է գործադրում իրավական երկիր դառնալու, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: «Իհարկե, դեռեւս պետք է ջանքեր գործադրվեն»,- հավելել է նա:
Փաստորեն, եվրոպացի պաշտոնյան թեեւ անուղղակի, սակայն բաց տեքստով հասկացրել է, որ Հայաստանը դեռ իրավական երկիր չէ եւ այդ ուղղությամբ դեռ շատ ջանք պետք է գործադրի: Ընդ որում, նա խնդիրների թվում շեշտել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը` միաժամանակ հասկացնելով, որ մինչեւ հիմա Հայաստանի գործադրած քայլերը դեռ բավարար չեն:
Եվրոպացի պաշտոնյայի հետ թերեւս դժվար է չհամաձայնել: Ի վերջո, գաղտնիք չէ որեւէ մեկի համար, որ մեզանում մարդու իրավունքների պաշտպանությունն ամենեւին էլ լավ վիճակում չէ: Այդ մասին են վկայում Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` իրար հաջորդող վճիռները, որոնց առանցքում հիմնականում իրավապահների կողմից մարդու իրավունքների ոտնահարումն է: Այնպես որ, չնայած եվրոպական տարբեր ամբիոններից ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ հավասարության մասին Սերժ Սարգսյանի պնդումներին, միեւնույն է` երեկ պարզ դարձավ՝ եվրոպացի պաշտոնյաներն այնքան էլ հակված չեն հավատալու այդ խոսքերին:
Եւ, իրոք, Հայաստանն իսկապես դեռ հեռու է իրավական երկիր դառնալուց, եւ դա գիտեն բոլորը՝ ե՛ւ ՀՀ իշխանությունները, որ փորձում են թաքցնել իրավիճակը, ե՛ւ եվրոպացի պաշտոնյաները: Այս առումով Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հայտարարությունները հազիվ թե միայն նրա կարծիքը լինեն, այլ Հայաստանի մասին նման տեսակետ տարածված է եվրոպական երկրներում: Համաձայնեք` իշխանություններն այս առումով մտահոգվելու տեղ ունեն: