Հարց քաղաքացիներից` պահքից դուրս գալու գործընթացն ինչպե՞ս է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե պահքից դուրս գալու գործընթացն ինչպե՞ս է կատարվում: Հետաքրքիր է իմանալ` արդյո՞ք պարտադիր է եկեղեցի գնալ` պահքից դուրս գալու համար: Շաբաթ երեկոյա՞ն, թե՞ կիրակի առավոտյան են դուրս գալիս պահքից:

Ստելլա Պողոսյան (30 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պահքից դուրս գալու համար հարկավոր է գնալ եկեղեցի, մասնակցել Սուրբ Պատարագին, ստանալ Սուրբ Հաղորդություն եւ նոր համարել, որ Պահքն ավարտված է: Եթե եկեղեցի այցելելու անհնարինությունն արդարացված է եւ կարող է մի քանի օր ձգձգվել, ապա կարող եք Ավագ Շաբաթ երեկոյան պահքից դուրս գալ, իսկ առաջին հնարավորության դեպքում մասնակցել Ս. Պատարագին եւ Ս. Հաղորդություն ստանալ:
Նախընտրելի է պահքից դուրս գալ շաբաթ երեկոյան` մասնակցելով Ճրագալույցի Ս. Պատարագին: Իսկ եթե հանգամանքների բերումով չի ստացվում, ապա պահքից դուրս ենք գալիս կիրակի առավոտյան` մասնակցելով Զատկական Ս. Պատարագին: Երկու դեպքում էլ հարկավոր է ծոմ պահել, այսինքն` մինչեւ Հաղորդություն ստանալը չուտել եւ չխմել:

Հայտնի է, որ պահքը լինում է հոգեւոր եւ սննդային: Հոգեւոր պահքը պետք է ուղեկցի մեզ ամբողջ կյանքի ընթացքում: Իսկ սննդային պահքից դուրս գալու համար կարեւոր է Ավագ շաբաթվա ընթացքում մասնակցել եկեղեցում իրականացվող բոլոր արարողակարգերին, իսկ վերջում` Ճրագալույցի օրը (շաբաթ երեկոյան), առավոտից ծոմ պահել եւ մասնակցել Ճրագալույցի Ս. Պատարագին ու Հաղորդություն ստանալով` դուրս գալ պահքից:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեծ պահքի ընթացքում սովորաբար պսակադրություն չի կատարվում: Սակայն հաշվի առնելով մարդկանց անտեղյակությունը` եկեղեցին ընդառաջում եւ կատարում է պսակը` նախընտրելով օրհնել զույգերին:




Լրահոս