Արժեր համազգային դրամահավաք կազմակերպել. Սերժ Սարգսյանի հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԱԱ-ում Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարություններից հետո իսկապես արժի համազգային դրամահավաք կազմակերպել: Առաջին անգամ Ս. Սարգսյանը հրապարակային գումար է խնդրել, ճիշտ է` ոչ այն մարդկանցից, որ կարող են իրեն ֆինանսավորել: Բայց, դե, հաշվի առնելով Սարգսյանի անկեղծությունը` արժեր բավարարել ցանկությունը: Եւ այսպես` ԳԱԱ անդամներից մեկի խոսքին, թե «գումար է պետք», Սերժ Սարգսյանը շտապել է արձագանքել. «Հա, գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»: Ափսոս միայն, Սերժ Սարգսյանը չի մանրամասնել, թե որքան գումար է ուզում, նաեւ ցանկալի կլիներ իմանալ, թե ի՞նչ նպատակներով է պետք գումարը:
Բայց սա ԳԱԱ-ում Սերժ Սարգսյանի հանդիպման ելույթի միակ ուշագրավ պահը չէր: Սերժ Սարգսյանը խոսել է գիտության ֆինանսավորման մասին` գիտնականներին խորհուրդ տալով կրճատել ծախսերը: «Պետք է օպտիմալացնել, եղած միջոցները արդյունավետ ծախսել: Սա ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար: Նոր Ռադիկ Մարտիրոսիչի հետ խոսում էինք, ասում է՝ ախր, շատ չեն, է՜: Այո՛, շատ չեն, խնդիրը քանակի մեջ չի, խնդիրը այդ մարդկանց արդյունավետ աշխատանքի մեջ է»:

Նկատենք, որ գիտնականներին Սերժ Սարգսյանն օպտիմալացնելու խորհուրդներ է տալիս այն դեպքում, երբ ԳԱԱ տարեկան ֆինանսավորումն առանց այն էլ քիչ է` մոտ 7 մլրդ դրամի չափ. գումար, որը պետական բյուջեի համար ամենեւին էլ մեծ թիվ չէ: Ընդ որում, ԳԱԱ-ին ստացած առանց այն էլ քիչ գումարներն օպտիմալացնելու մասին խոսում է մի իշխանություն, որի ներկայացուցիչներն իրենց շռայլ ծախսերով մսխում են բյուջեի միջոցները:

Բավական է միայն հիշել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի անդամների աշխատավարձը գերազանցում է 1 մլն դրամը, մինչդեռ գիտնականների միջին աշխատավարձը 100 հազար դրամ է: Բայց ի տարբերություն գիտնականների` այդ հանձնաժողովի անդամները խորը անգործության են մատնված, ոչինչ չեն անում` բացի գումարներ մսխելուց: Բավական է միայն հիշել վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականների գլխավորած հիմնադրամները, որտեղ եւս միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձ են ստանում, պետական բյուջեի հաշվին գերթանկարժեք գնումներ կատարում` հոգալով իրենց սուրճի եւ ծխախոտի կարիքը, իհարկե, առանց պետությանը որեւէ օգուտ տալու: Էլ չենք խոսում բյուջեի հաշվին մյուս կառույցների թանկարժեք գնումների մասին: Օրինակները կարելի է երկար, շատ երկար թվարկել:
Այնպես որ, Սերժ Սարգսյանը կարող է օպտիմալացման խորհուրդներն այլ կառույցներին տալ, բայց ոչ ԳԱԱ-ին:




Լրահոս