Դեսպանների արտաքսման հարցը հարաբերությունների լարվածության նոր գալար կարելի է համարել. Արման Նավասարդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ անդամ 14 երկիր որոշում է ընդունել երկրից արտաքսել ռուս դիվանագետների: Ստացվում է` ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են լարված մնալ, եւ դրանում ներգրավվում է նաեւ Եվրամիությունը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է արտակարգ եւ լիազոր դեսպանբԱրման Նավասարդյանի հետ:

-Պարո՛ն Նավասարդյան, ՌԴ-ԱՄՆ լարված հարաբերությունները եւ ԵՄ մի շարք երկրների կողմից դեսպանների արտաքսման որոշումը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

-Կարծում եմ` այս քայլը ԵՄ երկրների, օրինակ` Ֆրանսիայի սրտով չէ: Բայց պարզ է, որ իրենք էլ այդպես պետք է վարվեին, ինչպես ԱՄՆ-ն: Իհարկե, դեսպանների արտաքսման հարցը հարաբերությունների լարվածության նոր գալար կարելի է համարել: Բայց ես չէի դրամատիզացնի, քանի որ դա չի բերի ավելի վտանգավոր հետեւանքների կամ անուղղելի արդյունքների: Ընդհանրապես, երբ քաղաքականության մեջ լարվածություն է լինում, հասնում է եռման կետի, եւ դա հանդարտվում է: Սրա լավագույն օրինակը Կարիբյան ճգնաժամն էր: Եվ այս իրավիճակը ես անվանում եմ Կարիբյան ճգնաժամ 2:

-Իսկ որքա՞ն կարող է շարունակվել:

-Դե, հստակ չի կարելի ասել, բայց թե՛ Պուտինի, թե՛ Թրամփի կողմից արտահայտություններ կան, հեռախոսային զրույցներ: Եվ դա հենց այնպես չէ: Պուտինն իր բոլոր ելույթներում ասում է, որ իրենք պատրաստ են կոնտակտի գնալ: Այնպես որ, կարծում եմ` կանցնի մի որոշ ժամանակ, եւ կանցնի այս կրիտիկական վիճակը: Ելցինի իշխանության ժամանակ ԱՄՆ-ն, փաստորեն, հասել էր այն աստիճանին, որ պետք էր, այսինքն` ԱՄՆ-ն գերակայելու էր ամբողջ աշխարհում: Հետո հանկարծ եկավ Պուտինը, եւ բոլորովին այլ բան սկսվեց: Եվ Միացյալ Նահանգների համար սա այսօր ընդունելի տարբերակ չէ:

-Այս ամենի համատեքստում Հայաստանի վրա ազդեցություն կարո՞ղ է լինել, թե՞ ոչ:

-ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն շատ լավ հասկանում են, որ բախում` միջուկային զենքի առկայության պայմաններում, բացառվում է: Ոչ ոք նման քայլի չի գնա անգամ կրիտիկական պահի: Բայց այս իրավիճակից կարող են օգտվել այլ երկրներ` քվազի երկրներ, ինչպես, օրինակ, ահաբեկչական երկրներն են: Եվ այս իրադրության մեջ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ճկուն լինենք եւ մեր քաղաքականությունը հասցնենք մի աստիճանի, որ Հայաստանը հնարավորինս զերծ մնա այս բոլոր կատակլիզմներից:

Զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս