Հարց քաղաքացիներից` անհատ ձեռնարկատերն ի՞նչ դրույքաչափով է կատարում նպատակային սոցիալական վճարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` անհատ ձեռնարկատերն ի՞նչ դրույքաչափով է կատարում նպատակային սոցիալական վճարները:

Հեղինե Մխիթարյան (39 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող եւ ընդհանուր հարկման դաշտում գտնվող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6,000,000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել նպատակային սոցիալական վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար վճարվում է պետական բյուջեից:

Նշենք, որ եթե մասնակցի` տարեկան կտրվածքով բազային եկամուտը գերազանցում է 6,000,000 դրամը, ապա այդ մասնակցի օգտին պետական բյուջեից տարեկան վճարի չափը կազմում է 3,000,000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը վճարվում է մասնակցի կողմից: Անհատ ձեռնարկատերը պարտավոր է ամսական կատարել նպատակային սոցիալական վճար 5000 դրամի չափով, եթե հանդիսանում է.
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող, կամ
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեություն իրականացնող, կամ
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեություն իրականացնող:

Սահմանված գումարը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված նպատակային սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն, իսկ ամսական 5000 դրամի չափով մասնակցի համար վճարվում է պետական բյուջեից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում նրանք չեն կատարում նպատակային սոցիալական վճարներ: Այս դեպքում այս մասնակիցների համար պետական բյուջեից նույնպես հատկացումներ չեն կատարվի:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս