Նախարարը պաշտոնական անփութություն է ցուցաբերել. դատախազության ստուգումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Լոռու մարզի դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Գործազուրկների եւ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման» ծրագրի հետ կապված: Արդյունքում նախարարության պաշտոնատար անձանց գործունեության մասով բավական լուրջ բացահայտումներ կան:

Այն, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունում, մեղմ ասած, բարձիթողի վիճակ է, գաղտնիք չէ: Այս նախարարությունում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են հայտնաբերվում: Ահա այս անգամ իրավապահները ստուգումներ են իրականացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեկ այլ ոլորտի գործունեության հետ կապված եւ նոր իրավիճակի հետ են բախվել:

Եվ այսպես` ՀՀ կառավարությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը «Գործազուրկների եւ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման» ծրագրի հետ կապված համապատասխան գումար է տրամադրում, որպեսզի գործազուրկ քաղաքացիները վերոնշյալ ծրագրի շրջանակներում համապատասխան մասնագիտական դասընթացների մասնակցեն հետագայում աշխատանք գտնելու նպատակով:

Եվ ահա այս հանգամանքից օգտվելով` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք եւ անհատ ձեռնարկատերերը գումարներ են հափշտակել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Լոռու մարզի Արջուտ համայնքում փայտամշակման արտադրամաս ունեցող մի քաղաքացի, որի գործունեությունը հարկային մարմնում ժամանակավորապես դադարեցված է եղել, «գործարքի» մեջ է մտել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վանաձորի տարածքային գործակալության պաշտոնյաների հետ:

Պարզեցինք, որ փայտամշակման արտադրամաս ունեցող քաղաքացին չի ունեցել մասնագիտական ուսուցման դասընթացներ կազմակերպելու նպատակ, սակայն իր արտադրամասում առանց գրանցման աշխատող 5 քաղաքացիների, ինչպես նաեւ զբաղվածության կենտրոնում հաշվառված եւս մեկ անձի համոզել է, որ նրանք հաշվառվեն տարածքային գործակալությունում, ստանան գործազուրկի կարգավիճակ, ընդգրկվեն ծրագրում, ինչի արդյունքում կստանան արտադրամասում աշխատելու դիմաց հասանելիք աշխատավարձ, ինչպես նաեւ կրթաթոշակի գումարներ:
Ըստ էության քաղաքացիները հանաձայնել են, ինչից հետո իրավապահները պարզել են, որ 2015 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում անհատ ձեռնարկատեր եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վանաձորի տարածքային գործակալության իրավասու պաշտոնատար անձինք հափշտակել են պետական բյուջեի միջոցներից հատկացված կրթաթոշակի եւ մատուցված ծառայությունների դիմաց կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարները:

Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվել: Մեզ տեղեկություններ հասան, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վանաձորի տարածքային գործակալության իրավասու պաշտոնատար անձինք ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգով ամսական առնվազն մեկ անգամ մոնիթորինգի պետք է ենթարկեին ունկնդիրների մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցությունը, սակայն մոնիթորինգ չեն իրականացրել եւ որպեսզի ցույց տան, թե ամեն ինչ արել են օրենքով սահմանված կարգով, նախարարության գործակալության անունից կազմել են, ստորագրությամբ հաստատել եւ շրջանառության մեջ են դրել մոնիթորինգ իրականացնելու վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Ուր են նայում նախարարի աչքերը

Այս իրավիճակում ամենազարմանալին այն է, որ ՀՀ իրավապահ համակարգը մշտապես բացահայտումներ է իրականացնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության գործունեւթյան հետ կապված, սակայն մշտապես ամբաստանյալի աթոռին են հայտնվում մանր ձկները, իսկ ահա խոշոր ձկները` ի դեմս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանի, ջրից չոր են դուրս գալիս: Միգուցե Արտեմ Ասատրյանը այս գործարքներից փայ չի ունեցել, բայց որպես ոլորտի պատասխանատու պետք է վերահսկեր, թե իր ենթակաները ինչպես են աշխատում, սակայն դատելով իրավիճակից` նա պաշտոնական անփութություն է ցուցաբերել, ինչը քրեորեն պատժելի արարք է:

Բանն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածը, որը վերաբերում է պաշտոնական անփութությանը, հստակ սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ, 2-րդ կետերի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Քնար Մանուկյան




Լրահոս